ԿԽՄԿ-ն զգուշացնում է. ականներ՝ Տավուշում (տեսանյութ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայացնում է վերջերս թողարկած տեսահոլովակը, որը հիշեցնում է, թե որքան վտանգավոր կարող են լինել անհայտ առարկաները։ Այն նաև պատմում է, թե ինչ է անում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում ՝ Ադրբեջանի հետ պետական սահմանի երկայնքով ապրող մարդկանց ականների և անվտանգ վարքագծի կանոնների մասին իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ականներ և անվտանգ վարքագիծ Տավուշում. ԿԽՄԿ-ն երեխաներին է բացատրում վտանգի տեսակները Երևան /ԿԽՄԿ/: Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հաճախ թերագնահատում են ականների և չպայթած մնացորդների վտանգը։ Խնդրին անդրադառնալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ, պատրաստել է հատուկ ծրագիր։ Արդեն երկու տարի է, ինչ գործընկերները համատեղ կազմակերպում են տեղեկատվական դասընթացներ ականների հետ կապված միջադեպերի վտանգը բացատրելու և ռմբակոծության ժամանակ անվտանգ վարքագծի մասին մարդկանց իրազեկելու նպատակով։ Անցյալ տարի Հայկական Կարմիր խաչի Տավուշի մասնաճյուղի կամավորներն անցկացրել են 27 նման դասընթաց 16 գյուղի բնակիչների, հիմնականում՝ ուսուցիչների և դպրոցականների համար։ Նախքան սեմինարներ անցկացնելը կամավորները վերապատրաստվել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետների կողմից։ Բացի այդ, շուրջ 6500 ընտանիքների են բաժանվել թեմատիկ թռուցիկներ, իսկ գյուղերում փակցվել են պաստառներ։ 2016 թվականին Տավուշի մարզի 17 գյուղերում կկազմակերպվի ընդհանուր առմամբ 32 տեղեկատվական դասընթաց։ Նախագիծը վերսկսվել է հուլիսին և կշարունակվի մինչև հոկտեմբերի վերջը։