Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻՄ ընտրությունները ԿԸՀ նախագահը ազատ եւ արդար է համարում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mukuch

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ սեպտեմբերի 18-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին զանգվածային, համատարած ընտրախախտումների մասին խոսակցությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Ինչ վերաբերում է Էջմիածնում անցկացված ընտրություններին, որին նախորդել էր թեկնածուներից մեկի ու նրա թիմակիցներից մեկի ծեծի ենթարկվելու դեպքը, պարոն Մուկուչյանը նախ դատապարտելի համարեց դա եւ ցանկացած բռնության դեպք, ապա հայտարարեց, որ հիմք ունենալով փաստական տվյալները՝ կարող է հստակ ասել՝ ընտրությունները անցել են ազատ եւ արդար, ԸՕ պահանջներին համապատասխան: Արդյոք տեղի ունեցած բռնության հետեւանքով չպե՞տք է Էջմիածնում կասեցվեին ընտրությունները, Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն եւ ԸԸՀ-ն որեւէ հիմք չի գտել՝ դրանք կասեցնելու համար. «Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ որեւէ իրավական հիմք չկար: Որեւէ դիմում-բողոք, որ վստահված անձանցից ինչ-որ մեկը չի ներկայացել, որ առկա են եղել ինչ-ինչ պատճառներ, կամ չեն կարողանում մասնակցել քվեարկությանը, կամ խախտվել, խոչընդոտվել են նրանց իրավունքները, չեն եղել»: Այն հարցին՝ եթե թեկնածուն գտնվում է հիվանդանոցում, արդյոք դա հիմք չէ՞ր ընտրությունների կասեցման: Պարոն Մուկուչյանի պատասխանը կրկին բացասական էր. «Ի վիճակի չլինելու հետ կապված ընտրությունների օրվա որեւէ տեղափոխում չի կարող տեղի ունենալ: Անձը գտնվում է հիվանդանոցում, սակայն նրա հարազատները սկզբում ասացին, որ մասնակցելու են, հետո ասացին՝ չեն մասնակցելու, ի վերջո մասնակցեցին, նրա վստահված անձինք որոշ տեղամասերում ներկա են եղել: Սա է իրավական հիմքը, որով ԸԸՀ-ն պետք է որոշումներ կայացներ: Ցանկացած պարագայում եղել են վստահված անձինք, բազմակուսակցական ԸԸՀ անդամներ, չի եղել որեւէ խոչընդոտում»: Էջմիածնում պարտված թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցները հայտարարել են, որ բողոքարկելու են ընտրությունների արդյունքները, եղել են լցոնումներ: ԿԸՀ նախագահը նշեց. «Դա իրավունքի տարրական պահանջն է, որ յուրաքանչյուր մասնակից պետք է պատշաճ մասնակցի՝ լցոնումների մասին դիմում չի ներկայացվել, ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում չի արվել. մնացածը ուղղակի դատողություններ են, որոնք չգիտեմ՝ ինչ նպատակով են արվում»: Ամփոփելով իր խոսքը՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ սեպտեմբերի 18-ին լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը: Ինչ վերաբերում է հոկտեմբերի երկուսին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, նա նշեց, որ դրանք կանցկացվեն շուրջ 375 համայնքում, որոնցում ներառված չէ Գյումրին եւ Վանաձորը, քանի որ այստեղ ավագանու ընտրություններ են: