Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունը» միանում են Արդարության արշավին
Ուրախ եմ «Ժառանգություն» կուսակցության անունից միանալ «Արդարություն Հայաստանում» արշավին, որի մեկնարկը տվեցին Սերժ Թանգյանը, Վահե Բերբերյանը, Ատոմ Էգոյանը եւ այլ մտավորականներ համայն աշխարհից: Ի նշան համերաշխության այդ նախաձեռնությանը եւ հաշվի առնելով հանրապետության վերջին 25 տարվա իրողությունները, մենք իրավամբ հպարտանում ենք մեր հավաքական ձեռքբերումներով եւ շատ ավելին ենք ակնկալում գալիք սերունդների համար: Որպեսզի նրանք կարողանան ներդնել իրենց ստեղծագործական ողջ ներուժը եւ մեր պետությունը դարձնել ժամանակակից, մրցունակ ու շատ ասպարեզներում առաջատար: Դա թույլ կտա կերտելու բացառապես Նոր Հայաստան՝ ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն Հայրենիք: Սա մեր սեփական ազգային ստուգատեսն է, որը պետք է անցնենք արժանապատվությամբ ու առաքինությամբ՝ ե՛ւ նրանց անունից, ովքեր կռվեցին ու ընկան, ե՛ւ հանուն նրանց, ովքեր ապրելու ու առաջնորդելու են վաղը: «Ժառանգություն» կուսակցություն Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ 23 սեպտեմբերի 2016