Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը՝ օլիգարխներից հետո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
gov-K-1

Կառավարության կազմից խոշոր բիզնեսներ ունեցող նախարարների հեռացումը կարող է դրականորեն ազդել  գործադիրի իմիջի վրա։ Սակայն միայն դա բավարար չէ Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշում է. «Եթե խնդիրը լիներ նախարարների անձերի մեջ, ապա Հայաստանի բոլոր հարցերը վաղուց լուծված կլինեին, ընդամենը 20 հոգի նորմալ մարդ էինք գտնում, նշանակում ենք նախարար ու դրանով ամեն ինչ վերջանում է»։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսպես է մեկնաբանում. «Միայն մեկ կադրով կամ միայն տվյալ ոլորտի պատասխանատու անձով, որը քաղաքականության պատասխանատուն է, հարցը կարծում եմ չի լուծվի։ Անհրաժեշտ է ունենալ նաև այն լուրջ թիմը, որը տվյալ մշակված ծրագրային հարցերը իրականություն կդարձնի»։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը լավ է տեղեկացված պաշտոնից հեռացած նախարարների բիզնես-կարողությունների մասին։           Փորձագիտական տվյալներով Հայաստանի տնտեսության 40%-ը գտնվում է ստվերում, ինչը կարիք ունի  ո՛չ միայն  լուրջ ուսումնասիրության։ «Ոչ թե պիտի դառնան ուսումնասիրության առարկա, այլ պիտի դառնան բազմաթիվ քրեական գործերի նյութեր, բազմաթիվ մարդկանց պիտի մեղադրանքներ առաջադրվեն, բազմաթիվ մարդկանցից պիտի հետ վերադարձվի գողացվածը, երբ որ ասում ենք արմատական փոփոխություններ, դա նկատի ունենք»,- նշում է տնտեսական մեկնաբանը։ Կառավարությունն իր նպատակներից է համարում հավասար հնարավորությունների ստեղծումը բոլոր  ընկերությունների համար։ Ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի՝ մենաշնորհների դեմ պայքարը պետք է լինի մրցակիցներին ոտնձգություններից պաշտպանելու միջոցով։ «Եթե մենաշնորհներին հակակշիռ՝ սկսեն դանդաղ հնարավորություն տալ, չխոչընդոտել ավելի փոքր ընկերություններին, մենաշնորհներին էլ թույլ չտալ որպեսզի դեմպինգ իրականացնեն շուկա նոր մտնողների հանդեպ, բնականաբար՝ հնարավորություններ կստեղծվեն»։ Իսկ արդյո՞ք նախարարությունների անվանափոխությունը կարող է լուրջ փոփոխությունների նախերգանքը լինել։ «Կառուցվածքային փոփոխություններ են կատարվել կառավարությունում բացարձակ անիմաստ։ Կապի և տրանսպորտի, Էներգետիկայի նախարարության անվանը ինչ-որ բան ավելացնելով եթե հարցերը լուծվեր, ուրեմն կարելի է շաբաթը մեկ նախարարությունների անուններ փոխել»,- նշում է Հայկ Գևորգյանը։ Խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի խիստ վերաբերմունքի մասին որոշ նախարարների նկատմամբ, տնտեսական մեկնաբանը խորհուրդ է տալիս չմոռանալ՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են։