«Ես եւ դուք դարձել ենք չլոցի». Կարո Եղնուկյանը՝ դատարանին (տեսանյութ)
60 -օրյա ընդմիջումից հետո այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի հարազատները կարողացան տեսնել նրան: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նրան դիմավորեցին ծափահարություններով եւ «Կարո-Կարո» վանկարկումներով: Դատարանում Կարո Եղնուկյանը եւ նրա ներկայացուցիչը բողոքարկում էին Գլխավոր դատախազության անգործությունը: Դատարանում պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ նրան չորս տիպի գործողություն է մեղսագրվել՝ ձգտել է պահպանել ռադիոկապ, հետո տեղեկություն է տարածել, որ տեխնիկան շարժվում է ՊՊԾ գնդի ուղղությամբ՝ այսպիսով կասեցնելով իրավապահների գործողությունները, միջոցներ է ձեռնարկել Ազատության հրապարակից մարդկանց Խորենացի տեղափոխելու ուղղությամբ, ինչպես նաեւ ապատեղեկատվություն է տարածել, որ տրամադրված ժամկետանց սննդի պատճառով ՊՊԾ գնդում գտնվողները թունավորվել են: Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել շենք- շինություններ գրավելու, ինչպես նաեւ ոստիկաններին պատանդ պահելուն օժանդակելու մեջ: «Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքն արհեստական է եւ շինծու: Որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նման արարքների համար նրան կարող են մեղադրանք առաջադրել»,- դատարանում նշեց պաշտպանը: Կարո Եղնուկյանն էլ դատարանին մաղթեց, որ նա լինի ազատ եւ անկախ: Նա ներկայացրեց դատախազության անգործության վերաբերյալ իր պատկերացումը: «Խաղ կա գործնագործ, երկու հոգի գնդակ են գցում եւ մեկը մեջտեղում է: Հիմա դատախազությունը եւ քննչական մարմինները գնդակը օդում են գցում իրար եւ ես մեջտեղում կանգնած վազվզում եմ այս կողմից այն կողմ եւ ինձ չեն հարվածում: Նպատակը այն է, որ ինձ հոգնեցնեն, տանեն-բերեն, տանեն-բերեն: Դիմում ենք քննչականին, ասում ենք վերացրեք մեղադրանքը, որովհետեւ չկա մեղադրանք, կամ չեք հիմնավորում ձեր որոշումները, քննչականն էլ ասում է հետաձգում ենք միջնորդությունը: Դատարանը իմ հետ միասին դարձել է մեջտեղի խաղացողը, Դատախազությունը եւ քննչականը գնդակը այս կողմից գցում է այն կողմ. եւ ես, եւ դուք այդ խաղի մեջ դարձել ենք չլոցի»,- դատարանին դիմելով նշեց Կարո Եղնուկյանը Գործով դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 27-ին: