Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես գալիս եմ Երևան՝ ասես տուն. Անդրես Մուստոնեն (տեսանյութ)

Մշակույթ
Untitled1-2

«Ես գալիս եմ Երևան, ասես տուն եմ գալիս: Շատ անգամ եմ եղել, հաշիվը կորցրել եմ, առաջին անգամ`1975-ին էր: Կարծում եմ, սա էլ վերջին այցը չի, սակայն առանձնահատուկ է, քանի որ ինձ պարգևատրեցին  ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:», - ասում է էստոնական «Հորտուս Մուզիկուս» խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, վիրտուոզ ջութակահար Անդրես Մուստոնենը՝ «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված համերգից առաջ: «Հպարտ եմ, որ անցյալ տարի մասնակցեցինք «Քեզ հետ Հայաստան» համերգաշարին: Ասեմ, որ դուք, անգամ չէք էլ պատկերացնում, թե ինչքան ընկերներ ունեք աշխարհում: Ավաղ, ամեն ազգ չի կարող նույնն ասել:» «Հորտուս Մուզիկուս»անսամբլը, որ թարգմանաբար նշանակում է «երաժշտական այգի», ստեղծվել է 44 տարի առաջ՝ Անդրես Մուստոնենի նախաձեռնությամբ: Խորհուրդների երկրի առաջին խումբն էր, որ սկսեց կատարել և պրոպագանդել  միջնադարյան երաժշտություն: Մոտ 40 ձայնասկավառակ թողարկած և աշխարհի լավագույն բեմերում համերգներով հանդես եկած խումբն այսօր էլ մեծ հեղինակություն է վայելում: «Հորտուս Մուզիկուսն» ունի իր ուրույն ոճն ու դուրս է կարծրատիպերից: Յուրօրինակ բեմական հագուստի, ինքնատիպ գործիքների, երաժիշտների բնատուր արտիստիզմի  համադրումը, նրանց յուրաքանչյուր ելույթ վերածում է թատերական ներկայացման: Հարցին, թե արդյո՞ք միջնադարյան և բարոկկո ոճի երաժշտության գիտակը ծանոթ է մեր հոգևոր շարականներին, Անդրես Մուստոնենը պատասխանեց, որ ոչ միայն ծանոթ է, այլև կատարում են: «Հորտուս Մուզիկուսն» այսօր Բյուրական արվեստի ակադեմիայում կներկայացնի մեկ այլ ծրագիր, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր և ավանդական երաժշտություն: