Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են հեռացել մեր վարչապետները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Ովքե՞ր են կողմ մերժել վարչապետ Վազգեն Մանուկյանի հրաժարականը: 1991-ի սեպտեմբերի 21-ին հենց այսպես էր դրված վարչապետի հրաժարականի հարցը Հայաստանի Գերագույն Խորհրդում: 135 հոգի դեմ էր մերժելուն, այսինքն, կողմ էր հրաժարականին: Հրանտ Բագրատյանը հաջորդ վարչապետը չէր, այլ վարչապետի պաշտոնակատարը: 1991-ի նոյեմբերի 1-ից Հայաստանի վարչապետը Հայաստանի փոխնախագահ, նախկին կոմունիստ Գագիկ Հարությունյանն էր: Նշանակումից 10 ամիս հետո նա հեռանում է` առանց հրաժարականի: Նրան հաջորդում է նախկին կոմունիստ Խոսրով Հարությունյանը: Հասցնում է ռուսների հետ պայմանավորվել ցորեն եւ վառելիք ներմուծելու շուրջ։ Խոսրով Հարությունյանը վարչապետ է աշխատում 6 ամիս: Դարձյալ հեռանում է առանց հրաժարականի: Հայաստանի վարչապետի եռակի պաշտոնակատար Հրանտ Բագրատյանը վերջապես նշանակվում է Հայաստանի վարչապետ: Այս մարդու օրոք Հայաստանն ունենում է սեփական դրամը, վերագործարկվում է ատոմակայանը եւ սկսվում է գազի ներմուծումը։ Հրանտ Բագրատյանի հրաժարականը ներքաղաքական լարվածության եւ ՀՀՇ-ի հանդեպ վստահության կորստի շրջանակներում էր: Հաջորդ վարչապետը Հայաստան հրավիրվեց Մեծ Բրիտանիայից եւ աշխատեց 3 ամիս: Հրաժարական տվեց, երբ արդեն Հայաստանում չէր: Նրան փոխարինեց Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 1998-ին նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանին փոխարինում է Արմեն Դարբինյանը: Նա երգում է եւ նույնիսկ բանաստեղծություններ գրում։ Դարբինյանը հրաժարական է ներկայացնում 1999-ի մայիսի խորհրդարանի ընտրությունների արդյունքում: Նրան հաջորդում է Վազգեն Սարգսյանը՝ մարդամոտ, բայց վախեցնող իմիջով։ Նույն տարվա հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանը սպանվում է:Նրան փոխարինում է եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որը ոչ մի տեղ չի շտապում Կես տարի հետո նա այլեւս վարչապետ չէ: Նախագահ Քոչարյանին նա այլեւս ոչնչով չի սպառնում: 2000-ի մայիսին գալիս է Անդրանիկ Մարգարյանը՝ ամենաերկարակյացը։ Անդրանիկ Մարգարյանը մահանում է 2007-ի մարտին: Գալիս է Սերժ Սարգսյանը: Նա պաշտոնավարում է մեկ տարի եւ դառնում Հայաստանի նախագան: Նրան փոխարինում է Տիգրան Սարգսյանը, որը 6 տարի հիմնականում տնտեսական անկումներ գրանցելուց հետո առանց պարզաբանման հրաժարական է ներկայացնում՝ ասպարեզը թողնելով Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս օրոք հասարակությունը բեւեռանում է աննախադեպ, շարունակվում է տնտեսական անկումը։ Հայաստանի վերջին վարչապետը վերջին 5 տարում ռուսաստանաբնակ Կարեն Կարապետյանն է: Նա նույնպես առանց պատճառաբանության հրաժարականի փորձ ունի: 2011-ին Կարեն Կարապետյանը հրաժարվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից եւ հեռացավ Ռուսաստան: Բոլոր նախորդների պես վարչապետի պաշտոնում նա պետք է հանդես գա նոր քաղաքական մշակույթով: