Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանյան փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ հանրահայտ երաժիշտների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
unnamed-8

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված Երևանյան 10 -րդ միջազգային երաժշտական փառատոնի  մեկնարկով կբացվի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017 թթ համերգաշրջանը: «Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ հանրահայտ մենակատարներ են ժամանում Հայաստան, ովքեր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տալիս են կամերային համերգներ, բոլորը ունենում են վարպետության դասեր հայ պատանի երաժիշտների համար»,- հաղորդեց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Ըստ գլխավոր դիրիժորի՝ այս տարի հաջողվել  է փառատոնում ներգրավել նաև հանրահայտ դիրիժորների՝ Զինայսկուն և Կարաբիին, ինչն անցած տարիներին գրեթե անհնարին էր թվում: Ողջ փառատոնի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան հայտնի ու մեծ վաստակ ունեցող շուրջ 30 հրավիրյալ և հայաստանցի երաժիշտներ, որոնց շարքում են ջութակահարներ ճապոնացի  Դայշին Կաշիմոտոն, գերմանացի Յան Ֆոգլերը  և ֆրանսիացի Ֆիլիպ Կասարը: Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը կայանալիք փառատոնը ներառելու է 10 սիմֆոնիկ և  3 կամերային համերգներ, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մենահամերգը: Բացման արարողությունը հիշարժան կդարձնի գերմանացի հանրաճանաչ ջութակահարուհի Վիվիան Հագները՝ իր Դվորժակի Ջութակի կոնցերտի ներկայացմամբ: Իսկ Վերդիի Ռիգոլետտո օպերայի համերգային կատարմամբ էլ կամփոփվի փառատոնը: Ավանդույթի համաձայն՝ տեղի կունենան նաև հայ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգներ . սեպտեմբերի 28-ի համերգով կնշվի Լևոն Չաուշյանի 75 -ամյակը, իսկ հոկտեմբերի 25ին՝ Առնո Բաբաջանյանի 90 -ամյակը: