Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ.Փոստանջյանի նախագիծը ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ

Քաղաքականություն
zaruhi

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ սեպտեմբերի 9-ին, շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ: Հավելենք, որ սույն նախագծի վերաբերյալ ս/թ սեպտեմբերի 8-ին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Զարուհի Փոստանջյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների ու քաղաքական հայացքների համար հետապնդվողների հարազատների հետ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ Իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է ժողովուրդը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Այս հանրահայտ իրավունքի դրույթը նորագույն Հայաստանի քաղաքացիների համար քառորդ դար շարունակ մնացել ու մնում է անհասանելի: Հայաստանում հանրային իշխանություն իրականացնելու համար նախատեսված հանրային-պետական կառավարման ինստիտուտները` նախագահ, կառավարություն, խորհրդարան, չեն ձևավորվել ազատ ընտրությունների միջոցով և չեն գործում պաշտոնատար անձանց օրինական լիազորությունների ներքո: Դատական իշխանությունը նույնպես ձևավորված չէ օրինականության սկզբունքով, հետևաբար` չի կարող ծառայել ժողովրդին: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Այս հանրահայտ իրավունքի դրույթը ևս Հայաստանում երկու տասնամյակից ավելի խախտված է: Իշխանության յուրացումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց սպասարկող քաղաքական կազմակերպությունների կողմից:  Ստեղծված համակարգը վերափոխված խորհրդային բռնակալական  քաղաքական կարգի և իրականացրած քաղաքականության նոր դրսևորումն էր, որը հակասում է  հայ ժողովրդի շահին և նպատակներին: Ընդունում ենք այն հայտնի  ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, օժտված են  Արարչի կողմից որոշ անօտարելի իրավունքներով, որոնց թվում են կյանքի, ազատության և երջանկության ձգտումը: Այս իրավունքները ապահովելու համար  մարդիկ հիմնադրում են կառավարություն` հանրային իշխանություն, որն իր օրինական լիազորությունները պետք է ստանա ղեկավարվողների համաձայնությամբ: Իսկ երբ  կառավարությունը  դառնում է կործանարար այս նպատակների իրականացման համար՝ ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ լուծարել, վերացնել այն, և հիմնել նոր կառավարություն, որի հիմքում ընկած են այնպիսի սկզբունքներ և իշխանության կազմակերպման այնպիսի ձևեր,  որոնք իր պատկերացումներով լավագույն կերպով կապահովեն ժողովրդի անվտանգությունն ու երջանկությունը: Հայ ժողովուրդը օրինական լիազորություններ չի տվել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, և ո՛չ էլ նրանց սպասարկող ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին: Նրանք իշխանությունը բռնազավթել են: Բռնազավթիչների դեմ պայքարում ժողովուրդն օգտագործել ու սպառել է հնարավոր բոլոր միջոցները և դիմել է վերջին միջոցին` ապստամբելու իրավունքի իրացմանը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում յուրաքանչյուր անձ պարտականություն ունի դիմադրություն ցույց տալու ցանկացած հրամանի, որը վնասում է անձի իրավունքներին, ազատություններին և դրանց երաշխիքներին, նաև իրավունք՝ օգտագործելու ուժ լ ագրեսիան կանխելու համար: Հայ հասարակության պարտականությունն է ապստամբության միջոցով ոչնչացնել քաղաքական այն համակարգը, որը չի համապատասխանում իր շահերին և նպատակներին։ Ապստամբության և դիմադրության միջոցով հնարավոր է կանխել աղետը` թուրքական և ծավալապաշտական հարձակումները, ինչը հայ ժողովրդին սպառնում է նոր ցեղասպանությամբ և հայրենազրկմամբ: 2016 թվականի ապստամբության և դիմադրության առանձնահատկությունները ազգային-ազատագրական և ժողովրդական նպատակներն են` պայքար գաղութատիրության դեմ, տարածքային ամբողջականության վերականգնում և ժողովրդավարության ու սահմանադրականության ձևավորում: 2016 թվականի ապստամբությունը և դիմադրությունը հայտարարում է օտարներից կախվածության վերացման և անկախ, միասնական, Հայկական պետության կազմավորման մասին: Ապստամբության պահանջն է հիմնել ժողովրդական ինքնիշխանության, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա հիմնված անկախ Հայկական պետականություն: Իրավական համակարգը նախատեսում է երաշխիքներ բռնապետության, իշխանության յուրացման, առանց ժողովրդի համաձայնության սահմանադրական կարգի փոփոխության դեմ: Այդպիսի երաշխիքը ապստամբության հանրահայտ իրավունքն է:   Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը. ·        Համերաշխություն է հայտնում «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, ·        Դատապարտում է «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, ·        Պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկայլներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: