Դիլիջանում տաքսու վարորդներին գաղտնի նկարել են ու տուգանել
Դիլիջան քաղաքի բնակիչ Համլետ Բադալյանի 37 հազար դրամ թոշակի 30 տոկոսը՝ 11 հազար դրամը, պահում են: «Իմ թոշակից ամեն ամիս այդ գումարը պահում են, որ 55 հազար դրամի չափով տուգանքը մարեմ: Ինձ համար հացի փող են թողում, այդքան բարի են մարդիկ»,- «Ա1+»-ին ասաց նա: Համլետ Բադալյանին տուգանել են նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա կեսերին՝ առանց լիցենզավորման տաքսի վարելու համար: Նա հիշեցնում է, որ լիցենզավորման եւ հաշվիչ տեղադրելու համար վարորդը պետք է 60 հազար դրամ վճարի, ամսական էլ՝ 8 հազար դրամ տուրք: Իսկ Դիլիջանում տաքսու աշխատանքը անեկամտաբեր է՝ 30 հազար բնակչից նույնիսկ 10 հազար չի մնացել եւ մնացողներն էլ հազիվ են գումար աշխատում. «Հիմա ընդհանրապես չեմ զբաղվում այդ գործով, ուղղակի պարապ ժամանակ ցանկանում էի վարել, հիմա այդ գործը ինձ չի էլ հետաքրքրում: Ժամերով կարող ես կանգնել, ոչ մի մարդ էլ չլինի, ամիսն էլ 8000 դրամ պետք է մուծումներ անես»: Դիլիջան քաղաքի բնակչին զայրացնում է այն, որ թեեւ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել, սակայն տուգանել են: «Սա բառից բուն իմաստով թալան է պետական մակարդակով, վարչապետը ներքին կարգով հրաման է գրել, Գագիկ Բեգլարյանն էլ այդ հրամանը իրագործողն է»,- նշում է Համլետ Բադալյանը: Նրա խոսքերով՝ իր նման հարյուրավորները կան, իսկ Դիլիջանում 10 անձ նույնպես հայտնվել է այդ վիճակում եւ չգիտեն՝ ո՞վ է նկարողը: «Ստացվում է, որ պետության թշնամիներն ենք, որ մեզ հետեւում են եւ նկարում: Կան դեպքեր, որ մեքենան նկարել են, սակայն տաքսու նշան վրան չի եղել»,- եզրափակեց Դիլիջան քաղաքի բնակիչ Համլետ Բադալյանը: