Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմոցներում աշխատում են միայն կանայք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
jermoc

Տավուշի մարզի Գոշ համայնքի 15 բնակիչներ սպասում են իրենց  աշխատանքի արդյունքին։ «Հիմա  սերմել ենք լոբի, ունենք այնտեղ բիբար, ծիծակ, սրանք լրիվ կանաչիներ են, հույս ունեմ, որ էլի կհավաքեմ, 1 ու  կես տոննայից ավել»,- ասում է «Մխիթար Գոշ» կոոպերատիվի նախագահ Անահիտ Վերանյանը: «Մխիթար  Գոշ»  կանանց կոոպերատիվի անդամ 15 կանայք բերք են մշակում ջերմոցում,  որը ստեղծվել է  «Օքսֆամ- Հայաստան»-ի Պարենային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։   Կոոպերատիվն արդեն 2 տոննա 300 կգ լոլիկ  է  հավաքել. «Եկամուտը շատ չէ, որովհետեւ ջերմոցը ջեռուցում չունի, այս տարի փորձեցինք, անմիջապես փետրվարին ցրտահարվեց, չնայած երկու վառարան դրեցինք»,- նշում է տիկին Վերանյանը: Ջերմոցների ջեռուցման ծրագիրը  առայժմ հաստատված չէ։ «Ջեռուցման ծրագիրը պետք է լինի շրջակա միջավայրին համահունչ, 3 մլն դրամով  կարելի էր 400 քմ մակերեսով ջերմոցը ապահովել  ջեռուցումով եւ դա կրկնակի եւ եռակի կավելացնի իրենց եկամուտները»,- նշում է «Օքսֆամ»-ի Պարենային անվտանգության ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը: Օքսֆամի ծրագրով երկու տարի առաջ  ջերմոցային  տնտեսություն է ստեղծվել նաեւ Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում։ Արդեն  150 հազար դրամի եկամուտ են ստացել, որը բաժանվելու է կոոպերատիվի 12 անդամների  միջեւ: «Որը որ բավական է հայ գյուղացուն, հայ կնոջը իր ամենօրյա հոգսերը հոգալու համար:  Այլեւս պարապ չեն, աշխատում են, բացի դա իրենց ընտանիքներին կարողանում են օգնել, հատկապես այն կանայք, ում ամուսինները արտագնա աշխատում են, չգիտեն ի՞նչով զբաղվեն, ի՞նչ անեն, եկամուտ ունեն եւ էկոլոգիապես մաքուր սնունդ են տանում ընտանիք»,- ավելացնում է «Սարիգյուղ» կոոպերատիվի նախագահ Լուիզա  Ռեւազյանը: Պարենային անվտանգության ծրագիրը  Օքսֆամն իրականացնում է Տավուշի եւ  Վայոց ձորի մարզերում՝ Եվրամիության ֆինանսավորմամբ ։  Ի դեպ, այսօր Օքսֆամ- Հայաստանը կառավարությանը   ներկայացրել է  Պարենային անվտանգության ռազմավարություն, որը պետք է  խթանի տեղական արտադրությունը եւ  սպառումը: Նախագիծը դեռ   Կառավարությունը չի հաստատել։