Կարեն Կարապետյանը կփոխարինի Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)
Կարեն Կարապետյանը կփոխարինի Հովիկ Աբրահամյանին: ՀՀԿ խորհուրդը հաստատել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: «ՀՀԿ-ն որոշում է կայացրել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ», -Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի գործունեությունը ինչպես տեղական ինքնակառավարման համակարգում, այնպես էլ իր կողմից տնտեսական խնդիրներին, էներգետիկ բնագավառին, քաղաքի կոմունալ խնդիրներին և այլ ոլորտներին քաջատեղյակ լինելը, հաշվի առնելով իր կառավարչական հմտությունները, բնավորության մի շարք գծերը, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները Հայաստանի կառավարման բնագավառում, ՀՀԿ-ն տվել է վստահության մանդատը Կարեն Կարապետյանին և Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում ձևավորվելու է կառավարություն»: Իսկ այն հարցին, թե նախարարներից ովքեր են մնալու և ովքեր են հեռանալու՝ Աշոտյանը նշեց, որ անվանական հարց չի քննարկվել․ «Չի քննարկվել կաբինետի պորտֆելների բաշխման հարցը: Ակնհայտ է, որ կաբինետը ձևավորվելու է կոալիցիոն հուշագրի համատեքստում: Այսօրվա նիստում այդ հարցին չենք անդրադարձել»: