«Վերջապես հանրապետականից կարող ենք ազատվել» (տեսանյութ)
Վարչապետի հրաժարականի մասին տեղեկատվությունը առավելապես մեծ ոգեւորությամբ են ընդունել կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիայի դուրս եկած «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, որոնք պահանջում են գործարանի վերագործարկում։ Այստեղ են նաև «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները, որոնք արդեն տասը տարի է՝ չեն ստանում աշխատանքի ընթացքում առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում: Բողոքի ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ նոր վարչապետի հավանական թեկնածու Կարեն Կարապետյանի նշանակմամբ՝ իրենց խնդիրները վերջապես լուծում կստանան: «Կարեն Կարապետյանն առավել սկզբունքային է, Հանրապետական կուսակցությունից էլ չէ, մի քիչ ժողովրդի մասին կմտածի: Ամենակարեւորը, որ վերջապես Հանրապետականից կարող ենք ազատվել»,- ասում են ակցիայի մասնակիցները: Ակցիայի մասնակիցները ծանոթ են վարչապետի թեկնածուի կենսագրությանը եւ ընդգծում են, որ Կարեն Կարապետյանը ծանոթ է արտադրությանը եւ հատկապես «Նաիրիտի» վերագործարկման հարցում կարող է աջակցություն ցուցաբերել եւ հասնել դրական արդյունքի: Բողոքի ակցիայի դուրս եկած նախկին նաիրիտցիների մեջ, սակայն, կան նաեւ քաղաքացիներ, որ չեն կիսում մյուսների լավատեսությունը. «Մինչեւ աչքովդ չտեսնես, ականջովդ չլսես, մինչեւ համտես չանես, ոչ մի բանի չհավատաս»,-ասում են նրանք: