Անձրևը խափանեց ցուցարարների նախապես մշակված երթուղին (տեսանյութ)
22.09 Արմեն Մարտիրոսյանը ափսոսանք հայտնեց, որ անձրևը խափանեց նախապես մշակված երթուղին։ Նա ժողովրդին տեղեկացրեց, որ Խորենացի փողոց այսօր չեն գնալու և ներողություն խնդրեց Սասնա ծռերից։ Ժողովուրդը վանկարկեց Սասնա ծռեր։
Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ վաղը Ազատության հրապարակում կհավաքվեն ժամը 19-ին։
Հանրահավաքն ավարտվեց։
21.55 Ցուցարարները վերադառնում են Ազատության հրապարակ։
Ոստիկանական խմբերը փակեցին նրանց ճանապարհը դեպի նախագահական և ստիպեցին հետ վերադառնալ։
Դավիթ Սանասարյանը կարևորեց այսօրվա երթը, ասելով, որ միևնույնն է իրենք կարողացան փակել մի քանի փողոցներ ու քաղաքացիական անհնազանդություն իրականացնել։
«Մենք ցույց ենք տալիս, որ դիմելու ենք տարբեր քայլերի և ժողովուրդը անհնազանդության ակցիաներ է անելու»։
21.25 Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսեցին բանակցել Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պահանջելով դադարեցնել երթը՝ պատճառաբանելով, թե անօրինական է:
Այնուհետեւ, Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ի սկզբանե ինքը չէր ասել, թե գնում են Բաղրամյան պողոտա, այլ ասել է՝ գնում են դեպի Բաղրամյան:
21.17 Երթի մասնակիցները որոշեցին չհասնել Բաղրամյան պողոտա, այլ իրենց հավաքն անցկացնել Ազատության հրապարակի մոտ, քանի որ անձրեւը գնալով էլ ավելի էր ուժեղանում:
Իսկ այդ ընթացքում Բաղրամյան պողոտայում ոստիկանական զորքեր են ավտոբուսներով բերվում:
https://youtu.be/Ni3ImxegYyg
21.05 Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Ճգնաժամային խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանն իր ելույթում նաեւ վստահեցրեց, որ Էրեբունու ՊՊԾ գնդի օրինակով նույն կերպ հնարավոր է գրավել նախագահականի, կառավարության շենքերը. «Այսպիսով, մենք պարզեցինք, որ ՀՀ-ն չունի իշխանություն: Արդեն տասը օրից ավելի է՝ Երեւանը պարալիզացվել է, միջնադարյան խավարի մեջ, քանի որ պարալիզացվել է ամբողջ երթեւեկությունը, էլեկտրաէներգիան: Չունենք քաղաքապետ, նախագահ, կառավարություն»:
Այս ընթացքում Ազատության հրապարակում փորձ է արվել անչափահաս երեխաների բերման ենթարկել, սակայն հաջողվել է կանխել այդ փորձը՝ երեխաները կարողացել էին փախչել:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որին բերման էին ենթարկել, հայտարարեց, որ պայքարի երկրորդ փուլն այնքանով է առանձնահատուկ լինելու, որ անցնելու են կոնկրետ գործողությունների. «ՀՀ տարբեր անկյուններում պետք է ինքնակազմակերպվել ու սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր՝ լինեն դրանք հավաքներ, մայրուղիների փակում: «Սասնա ծռեր»-ը սկիզբ են դրել ապստամբության, որը պետք է շարունակենք: Ուստի, այլ ճանապարհ չկա, քան հաղթանակը»: Հավաքվածներն արձագանքեցին նրան՝ վանկարկելով՝ «հաղթանակ»:
Ազատության հրապարակում հավաքվածներ որոշեցին երթ անցկացնել դեպի Բաղրամյան պողոտա՝ հորդառատ անձրևի տակ: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ երթը խաղաղ է ու ոստիկանները թող ապահովեն իրենց անվտանգությունը:
.......................
Ազատության հրապարակում այսօր անցկացվող հանրահավաքի ժամանակ Ճգնաժամային խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանն իր ելույթում հայտարարեց, որ այսպես ապրել այլեւս չի կարելի:
Նա հայտարարեց, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է: Ամբողջ հրապարակը սկսեց վանկարկել «շնորհավոր»:
Պարոն Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ ԱԱԾ-ն, որն իր էությունը չփոխեց, մնաց սովետական ԿԳԲ, փորձում են հայտնաբերել Ժիրայր Սեֆիլյանի գործըկեր Գարեգին Չուքասզյանին ու ձերբակալել նրան: Նա նաեւ ընթերցեց ընդհատակում գտնվող Գարեգին Չուքասզյանի նամակն՝ ուղղված Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրվա առթիվ: