Ինչո՞ւ Ալիևի հետ կարելի է բանակցել, իսկ «Սասնա ծռեր»-ի հետ՝ ոչ (տեսանյութ)
«Մտայնություն է այն, որ այս տղաները ահաբեկիչներ են, նրանք ուղղակի շատ հայրենասեր տղաներ են, և խաղաղություն և ազատություն են ուզում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։ Նրան հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ալիևի հետ կարելի է բանակցել, իսկ «Սասնա ծռեր» խմբավորման տղաների հետ` ոչ. « Ես կարծում եմ՝ ամենալավ բանաձևը կլինի Սեֆիլյանին ազատ արձակելը։ Օրինակ, ինչի՞ բռնեցին Սեֆիլյանին, ի՞նչ էր արել։ Մի հատ ատրճանակ ուներ, էն էլ իրանք են տվել՝ որպես գնդի հրամանատարի» ։ Ըստ Թոքմաջյանի՝ տղաների արածը հոգու ճիչ էր, իրենց ձայնը լսելի դարձնելու փորձ։ «Իրենց կյանքի գնով հարց են բարձրացրել, ես գտնում եմ, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե իշխանությունները գնան բանակցությունների և ազատեն քաղբանտարկյալներին»,- ասում է երգահան Լիլիթ Պիպոյանը: Երգչուհին գտնում է, որ իշխանությունը պետք է խոսի արդարությունից, և ոչ՝ սիրուց. «Եթե տղաները մահապարտի նման կյանք են դրել զոհասեղանին, ապա պետք է ընդառաջ գնալ։ Հասկանալի է, որ նախագահն այնքան ամուր է նստած, որ չի զիջի իր աթոռը , գոնե մի պահանջ կատարվի »: ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին թվում է, որ բողոքում են շատերը, գործում՝ քչերը։ «Այս տղաներին մենք պարտական ենք, քանի որ ունենք Արցախ։ Եթե մարդ իր հետ տանում է նաև տղային, ապա ելք չի տեսնում»։ Այն նամակը, որը մտավորականներն ուղղել են Սեֆիլյանին, դերասանուհին ուղղում է նախագահին. «Ինչո՞ւ չես պատասխանում»։ Տղաները գնացել են, որ վերջին կաթիլը չպայթի, ասում է դերասանուհին ու հավելում՝ մոտենում է արյունահեղությունը։ «Այն պահանջները, որ առաջադրվել են իշխանությանը, չի բավարարվելու, քանի որ իշխանությունները խոսում են մոտավորապես: Եթե արյունահեղություն լինի, ապա դա մնալու է մեր նախագահի խղճին»։ Բանախոսները միաձայն են՝ տղաների քայլն արձագանք էր իշխանությունների՝ Արցախի տարածքների հանձման մտադրությանը։ «Եթե մի թիզ հանձնենք, ապա ամբողջը կհանձնենք։ Նահանջելու տեղ չունենք, ո՞ւր ենք փախչելու»,- հետաքրքրվում է Լալա Մնացականյանը։