Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցփաթեթները կվերանայվեն 2017-19թթ. համար (տեսանյութ)

Տնտեսություն
artem

Սոցփաթեթների ուղղությամբ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվող ուսումնասիրություններն առաջիկայում կավարտվեն եւ բյուջետային հայտի շրջանակներում արդեն կքննարկվի վերջնական որոշում կայացնելու մասին հարցը: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս պահի դրությամբ 2017-19թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով սոցփաթեթների այս ծախսը նախատեսված չէ. «Վերջնական որոշումներ, քանի որ դեռ չկան, դեռեւս վաղ է պետական ծառայողների մասին եզրակացություններ անել, թե ինչպիսին կլինեն լուծումները նրանց համար: Կարծում եմ՝ լուծումները կլինեն շատ օբյեկտիվ, ճիշտ եւ ելնելով իրավիճակից: Կան, այո, նաեւ շատ պարտաճանաչ օգտվողներ, պետական ծառայողներ, սակայն այն միջոցները, որոնք նախատեսված են սոցիալական փաթեթներով, պետք է նպատակին ծառայեն»: Նախարարը նշեց, որ սոցիալական փաթեթների համար պետական բյուջեով նախատեսված է մոտ 10 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշած չարաշահումներին, ապա Արտեմ Ասատրյանն ասաց. «Խոսքը գնում է հանգստի հետ կապված չարաշահումներին, որ շատ դեպքերում չմատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կամ չվճարումներ անելուն: Բնականաբար, վարչապետի ներկայացրած տեղեկատվությունն ունի օբյեկտիվ հիմք: Ուզում եմ ընդգծել՝ 2016թ. հետ կապված որեւէ խնդիր չկա, ու նաեւ ես չէի ցանկանա այդ կասեցում բառը ոչ իր իմաստով օգտագործեինք, խոսքը այս պահին գնում է միջնաժամկետ ծախսային ծրագրերին, սակայն մենք դեռ ունենք 2017թ. պետական բյուջեի հայտի քննարկում, եւ այդ շրջանակներում էլ որոշումները կկայացվեն»: Պարոն Ասատրյանը չարաշահման որեւէ կոնկրետ փաստ չուներ: Նա միայն ընդգծեց, որ սոցփաթեթներից օգտվում է շուրջ 100 հազար քաղաքացի: