Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անալիտիկ»-ի տնօրենի կալանքի ժամկետը երկարացվեց

Հասարակություն
ani-hovhannisyann-1

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր   Դավիթ Գրիգորյանը   բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով երկարացրեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, նա միջնորդություն էր ներկայացրել նաեւ խափանման միջոցը՝ գրավով փոխարինելու մասին, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: Պաշտպանական կողմը պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել: Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում հոդվածով:  Հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Անի Հովհաննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: