Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Ենոքյանի հայցը մերժվեց

Հասարակություն
b2995bc52fd0807666c6bef65cce8773

Այսօր Արաբկիր եւ  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը մերժեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի   հայցը:  Նա հայց  էր ներկայացրել  ընդդեմ  ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, քաղաքացի Իզաբելլա Աբգարյանի եւ երրորդ անձ՝ Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Արամ  Անտինյանի:  Մհեր Դավթի Ենոքյանը, դիմելով դատարան, խնդրել է Նարեկ Մալյանին պարտավորեցնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում  հերքել հայցվորի վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև հայցվորին՝ որպես փոխհատուցում, վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով՝ 2մլն  դրամ փոխհատուցում: Իսկ Իզաբելլա Աբգարյանին պարտավորեցնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային հերքել հայցվորի վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Մհեր Ենոքյանին վիրավորել է Նարեկ Մալյանի  ֆեյսբուքյան այն գրառումը, թե նա  մասնատել, քառատել է  Իոսիֆ Աղաջանովի մարմինը, այնուհետեւ լցրել սպորտային պայուսակի մեջ եւ դիակի համար հարազատներից գումար պահանջել: Իսկ Իզաբելա Աբգարյանն էլ գրառման տակ մեկնաբանություն է թողել, թե Մհեր Ենոքյանն էլ թող մասնատված եւ սպորտային պայուսակի մեջ լցված տղայի մոր գիրքը կարդա: Մհեր Ենոքյանի համար վիրավորական է, որ իրեն համեմատել են Վալերի Պերմյակովի կամ Բրեյվիկի հետ: 24 մտավորականներ էլ դիմել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ դատապարտելով իր խորհրդականի պահվածքը: Նամակում մասնավորապես ասված է. «Մենք՝ մտավորականներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Ձեր խորհրդական Նարեկ Մալյանի ձեռնարկած արշավին՝ 20 տարի բանտում գտնվող Մհեր Ենոքյանի ու արդար դատաքննություն պահանջող քաղաքացիների նկատմամբ։ Ենոքյանը, ինչպես եւ ցանկացած դատապարտյալ, իրավունք ունի վիճարկելու իր դատավճիռը, ինչը նա անում է համառորեն: Սակայն նրա ու նրա քրեական գործին քաջատեղյակ մասնագետների, քաղաքացիների՝ արդար դատաքննության պահանջը հանդիպում է լուրջ դիմադրության պետական համակարգի, տվյալ դեպքում ոստիկանության պաշտոնյայի կողմից: Մենք դատապարտում ենք 20 տարվա վաղեմության գործով ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պահվածքը սոցիալական ցանցերում՝ բանավեճի թույլատրելի բոլոր նորմերը անցնող գրառումների տեսքով՝ ուղղված թե՛ Ենոքյանի, թե՛ արդար դատ պահանջող, կամ, թե Ենոքյանին սատարող քաղաքացիների հասցեին: Ձեր խորհրդականն է՛լ ավելի ագրեսիվ դարձավ, երբ նրա դեմ Ելենա Օվսյաննիկովայի զրպարտության գործով ներկայացված հայցին ավելացավ ևս մեկը՝ Մհեր Ենոքյանինը: Այսպիսով, Ձեր խորհրդականի դեմ երկու հայց կա զրպարտության գործով, ինչը ամենևին չի կարող պատիվ բերել ՀՀ ոստիկանությանը»: