Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աստծո և տիեզերքի հետ շփվելու գործիքը

Մշակույթ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հրավերով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցավ երգեհոնահար, Տյուբինգենի Աստվածաբանական սեմինարիայի երաժշտական ղեկավար Ֆրանկ Օյդթմանը: «Ֆանտաստիկ դահլիճ է: Երբ ինտերնետով տեսա համերգասրահի նկարները, զարմացա և չպատկերացրի անգամ, թե սա ինչ է: Երգեհոնն էլ հիասքանչ է», -ասում է Օյդթմանը: «Նախապես ծանոթացել էի գործիքի հնարավորությունների հետ, և համապատասխան ծրագիր էի ընտրել»: Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության տան երգեհոնը պատրաստված է Հոլանդիայում, 17-18-րդ դարերի մոդելների հիման վրա և եզակի էր Խորհրդային երկրների տարածքում: Տեղադրվեց  է 1979-ին, և առաջին անգամ այն հնչեցրեց Վահագն Ստամբոլցյանը: Իսկ 1990-ականներին վնասված երգեհոնը, երբ դահլիճը չէր ջեռուցվում, անհատույց վերականգնեց գերմանացի մասնագետ Քրիստիան Վեգշայդերը: «Սա իմ առաջին այցն է Հայաստան: Քիչ բան գիտեի ձեր մասին: Միայն Կոմիտաս գիտեի: Անչափ տպավորված եմ, մանավանդ եկեղեցիներով, ձեր հոգևոր մշակույթով, նաև մարդկանցով: Մեծ ցանկություն ունեմ ավելին իմանալու ձեր հոգևոր երաժշտության մասին»,- իր տպավորություններով կիսվեց գերմանացի երգեհոնահարը: