Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզում եմ մարսել. Հասմիկ Պողոսյան

Հասարակություն
hasmik

Մշակույթի նախարարը  չի ուզում  կարծիք հայտնել  Երեւանի  նոր  արձանների մասին. «Ուզում եմ մարսեմ, հետո կխոսենք դրա մասին»: Նախարարը չի հիշում մի դեպք, երբ   արձանը  միանգամից հավանության արժանանար հասարակության կողմից. «Նա քարի մեջ ստեղծագործություն է, որոշակի դժվարություն ունի ընկալման համար եւ բնականաբար  միանգամից խոսել արձանի դրական կամ բացասական  կողմերի մասին՝ չարժե»: Մարդիկ ժամանակի ընթացքում ոչ թե հարմարվում, այլ սկսում են  հասկանալ քանդակը, վստահեցնում  է  Հասմիկ Պողոսյանը՝  բերելով իր իսկ օրինակը։ Երեւանի արձաններից մեկն ավելի ուշ է սկսել սիրել. «Օրինակ՝ Առնո Բաբաջանյանն ինձ դուր է գալիս, այն ժամանակ չէի կարող ասել, հիմա ասում եմ ՝ ինձ դուր է գալիս»: Հասմիկ Պողոսյանը չի հերքում, որ Երեւանում կան նաեւ արձաններ, որոնք այդպես էլ չսիրվեցին: Անուններ, սակայն նա չի ուզում նշել. «Չեմ թվարկի , որովհետեւ անիմաստ է ասել, նրա հարազատներին  նեղացնել, բայց  կան այդպիսի արձաններ, որոնց մենք այդպես էլ չենք վարժվել»: Նախարարը համաձայն չէ, որ արձանների համար  հատկացվող  գումարը ավելի լավ է ուղղել բանակաշինությանը. «Ամեն ինչ իր տեղն ունի, մենք  զարգացող երկիր ենք, մենք չենք կարող հետ մնալ, այսինքն՝ չուտենք, չխմենք, ամեն ինչը միայն մի ուղղությամբ տանենք»: Հասմիկ Պողոսյանը, այսօր  մասնակցում էր իսպանացի գրող Գոնսալո Գուարչին՝ ԵՊՀ դոկտորի կոչմանն արժանացնելու արարողությանը: Գուարչին  երեք գրքի հեղինակ է՝ որոնք պատմում են հայոց ցեղասպանության մասին; Նրա ստեղծագործությունները  կարեւոր նշանակություն են ունեցել Հայոց Ցեղասպանության  ճանաչման գործընթացում։