Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» վերջին պահին պարտվեց «Շիրակին» (տեսանյութ)

Սպորտ
gag

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնի հարցը կրկին երեք օրով հետաձգվեց: Այսօր կայացած 27-րդ տուրում մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» եթե իր հարկի տակ նվազագույնը ոչ-ոքի խաղար 2-րդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակի» հետ, ապա ժամանակից շուտ կդառնար հանրապետության չեմպիոն: Սակայն ալաշկերտցիները 2:3 հաշվով պարտություն կրեցին, ընդ որում երրորդ գնդակը բաց թողեցին մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին: «Այս հաղթանակով մենք նախ ապահովեցինք արծաթե մեդալները, երկրորդ՝ հնարավորություն ստացանք պայքարելու առաջին տեղի համար: Հուսանք, որ առաջնության վերջին տուրում «Միկան» մինչեւ վերջ կպայքարի «Ալաշկերտի» հետ, իսկ մեզ կհաջողվի հաղթել «Արարատին»: Համենայնդեպս, մեր ֆուտբոլիստներն այսօր ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար, ինչի համար ես շնորհակալ եմ նրանցից», - «Ալաշկերտ» - «Շիրակ» խաղից հետո ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: «Այնպիսի տպավորություն է, որ վերջին խաղերում մարզական բախտը երես է թեքել «Ալաշկերտից»: Վերջին րոպեին Արթուր Եդիգարյանը չկարողացավ իրացնել լավ պահը, գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ հանդիպման վերջին վայրկյանին արդեն մենք գոլ բաց թողեցինք: Սակայն դեռ կա վերջին տուրը: Մեր շանսերն ավելի լավ են եւ մենք կաշխատենք օգտվել այդ առիթից», - ետխաղյա մամուլի ասուլիսին ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նշենք, որ այսօր Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Միկային» եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Իսկ ահա «Գանձասար-Կապանը» չնայած հյուրընկալվելիս վստահ հաղթեց «Արարատին»՝ 2:0, սակայն մնաց 4-րդ հորիզոնականում: Այդպիսով, հայտնի դարձան եվրոպական գավաթներին մասնակցող բոլոր մեր թիմերը: Դրանք են «Ալաշկերտը», «Շիրակը» (կմասնակցեն կամ չեմպիոնների, կամ էլ Եվրոպայի լիգային), «Փյունիկը» եւ «Բանանցը» (հանդես կգան Եվրոպայի լիգայում):