Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արհեստական արևայրուքը նպաստում է մելանոմայի առաջացմանը» (տեսանյութ)

Հասարակություն
melanoma-nkar

Այսօր մաշկի ամենավտանգավոր քաղցկեղի՝ մելանոմայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս առիթով ուռուցքաբան Լիանա Սաֆարյանն Ամերիկյան համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ։ Իսկ «Ա1+»-ի հետ զրույցում նա շեշտեց, որ մելանոմայի առաջացմանը նպաստում են մի շարք հանգամանքներ. «Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, դաջվածքները, արհեստական արևայրուքը։ Անշուշտ, իր դերն է խաղում նաև ժառանգական նախատրամադրվածությունը։ Բացի սրանցից, այլ պատճառ էլ կա. դրանք խալերն են, որոնք տարբեր գործոնների ազդեցությամբ կարող են չարորակ դառնալ։ Մարդիկ անտեղյակ դիմում են ոչ համապատասխան մասնագետների և կատարում խալերի կտրում, վնասում, այրում։ Դա  հակացուցված է»։ Որքանո՞վ է մելանոման տարածված մեր երկրում, բժշկուհին նշեց. «Հայաստանում տարեկան ախտորոշվում է մոտ 50 մելանոմայի դեպք, ինչը մեր բնակչության համեմատ՝ բավականին բարձր թիվ է համարվում։ Դրանից մոտ 40-45-ի դեպքում մենք ունենում ենք մահացություն։ Հիմնականում միջին տարիքը 60-ն է՝ մելանոմայի դեպքում, սակայն հիմա հիվանդության երիտասարդացման միտում կա։  Դեպքեր են եղել՝ մինչև 30, 35, անգամ՝ 18 տարեկանների մոտ է եղել մելանոման»։ Ուռուցքաբանի խոսքով՝ հիվանդացության աճի միտում կա ամբողջ աշխարհում։ Մարդիկ հաճախ նաև անտեղյակ են, թե որ դեպքում ինչպես պետք է վարվել. «Ժամանակին կանխարգելումը շատ կարևոր խնդիր է»,-շեշտեց Լիանա Սաֆարյանը։