Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատերազմ չի լինի, բայց տարածքային փոփոխություն կլինի 2 կողմից էլ» (տեսանյութ)

Մշակույթ Քաղաքականություն
gndapet-nkar

«Լեռնային Ղարաբաղը պետք է Հայաստանի կողմից վաղուց ճանաչվեր»,-կարծում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Իսկ այս պահին ոչ թե այդ հարցով նախագիծը հապշտապ մտներ օրակարգ, այլ մինչ այդ գոնե 10 պետություն մենք  պատրաստած լինեինք, որ նրանք առաջինը ճանաչեին Ղարաբաղի անկախությունը։ Սակայն այս պահին դիվանագետն առաջնահերթ է համարում Արցախը բանակցային գործընթացի մեջ մտցնելու հարցը։ Պաշտոնաթող գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանն իր հերթին նշեց. «Մեր զինվորների հերոսության և հայրենիքը չհանձնելու վճռականության շնորհիվ թշնամին ընկրկեց»։ Նա շեշտեց, որ Ռուսաստանը պետք է տեղյակ լիներ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող քայլերին։ Նախկին գնդապետը հիշեցրեց նաև մեր մյուս հակառակորդի մասին. «Թուրքիան ունի 3-րդ դաշտային բանակ, որի մարտական խնդիրը Հայաստանը և Վրաստանը գրավելն է»։ Առաջիկա օրերին, մասնավորապես՝ մայիսի 8-10-ը արդյո՞ք կլինի պատերազմի վերսկսում, պարոն Նահապետյանն ասաց. «Այն հայտարարությունները, որ նախորդեցին Ադրբեջանի՝ ապրիլի սկզբի գործողություններին, նմանատիպ երևույթներ հիմա էլ կան։ Մի քանի օր է՝ հրապարակումներ կան, որտեղ հակառակորդի ուժի, անպարտելիության մասին է խոսվում։ Դրանք տեղեկատվական պատերազմի էլեմենտ են։ Բայց մեր բանակի հնարավորությունները մեծ են։ Մի քանի հրթիռ բավական է, որ Ադրբեջանի կեսը հայտնվի ջրի տակ»։ Նրա խոսքով՝ եթե բացի Ադրբեջանից, գործին խառնվեն նաև Թուրքիան, Վրաստանը և այլ երկրներ, դա արդեն 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը կլինի։ Բացի այդ, նախկին գնդապետը խոսեց Ադրբեջանի սիրտը համարվող Եվլախ քաղաքի մասին. «Միայն Եվլախի ուղղությամբ մեր գործողությունները եթե լինեն, դա մեծ վնաս կհասցնի նրանց և Ադրբեջանը կփորձի անել այն, ինչ արեց 1994-ի մայիսի 12-ին. հրադադար կխնդրի»։ Նա կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմի Ադրբեջանը կգնա միայն այն դեպքում, երբ կորցնի իրականության զգացումը։ Այս հարցի շուրջ Արման Նավասարդյանը նշեց. «Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց տարածքային փոփոխություններ կլինեն երկու կողմից էլ»։