Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանին կդատի Մնացական Մարտիրոսյանը

Հասարակություն
gevorg-safaryan

Ամանորի գիշերվանից կալանավորված «Նոր Հայաստան» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից: ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ գործն այսօր արդեն ընդունվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթ: Դատավորը քրեական գործն իր վարույթ ընդունելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է դրա մասին տեղյակ պահել մեղադրյալին, նրա պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին` նրանց ուղարկելով սահմանված ձևի հուշաթերթիկ` հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների պարզաբանմամբ, ներառյալ` միջնորդությունների և դիմումների դատարան ուղարկելու կարգի եւ  ժամկետների մասին պարզաբանում: Իսկ քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը` դատական քննություն նշանակելու մասին. քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին. քրեական գործի վարույթը կասեցնելու մասին. գործը մեղադրողին վերադարձնելու մասին. քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին. գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին. ինքնաբացարկի մասին: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը  ձերբակալվել էր Ամանորի գիշերը, ապա կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։  Գեւորգ Սաֆարյանը չի ընդունում իր մեղքը՝ նշելով, որ ոստիկաններն են իր եւս 5 ակտիվիստի նկատմամբ բռնություն գործադրել: