Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»

Հասարակություն
f824166d0af4273ef6bc4a2318730690

«Ավրորայի երազանքը»՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը՝ նվիրված «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին: «Ավրորա» մրցանակը կշնորհվի Երեւանում, 2016 թվականի ապրիլի 24-ին: Մրցանակն սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի  փրկության եւ հերոսության ոգեշնչող պատմություններ են: Այս թեման հոգեհարազատ է Թանկյանին, քանի որ նրա ընտանիքը չէր փրկվի առանց ամերիկացի միսիոներների, որոնց հիմնած մանկատանն է մեծացել նրա պապիկը: Թանկյանի մորական տատիկը՝ Վարսենիկը, կոտորածներից փրկվել էր թուրք մայորի խիզախության շնորհիվ, որն իր կյանքը վտանգեց նրան ու նրա ընտանիքը թաքցնելու համար: Այդ թուրքը հրաժարվեց կատարել կառավարության՝ հայերին սպանելու եւ արտաքսելու հրամանները. նրա նման ազնիվ շատ մարդիկ սպանվեցին՝ Օսմանյան իշխանություններին չենթարկվելու պատճառով: «Վերջին տարիների ընթացքում բոլոր իմ ստեղծած երգերից «Ավրորայի երազանքը» ամենասիրելին է: Ես ուրախ եմ, որ այն ստեղծվել է 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության համար, որն հիանալի գործեր է անում՝ ուշադրություն հրավիրելով ավերիչ ողբերգությունների վրա եւ կարեւորելով այդ իրադրությանն արձագանքող իրական հերոսներին»,- նոր երգի մասին ասել է Սերժ Թանկյանը: 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը նշել  է. «Մենք շնորհակալ ենք Սերժին՝ իր արվեստով մեր նախաձեռնությանը նպաստելու համար: Այս հիանալի ստեղծագործությունը նրա խոնարհումն է Ավրորային՝ այն կնոջը, որի անունով է կոչվում մրցանակը: Նա առաջիններից էր, որ աշխարհում բարձրաձայնեց 1915 թվականին տեղի ունեցած վայրագությունների եւ իր փրկության մասին: «Ավրորա» մրցանակի միջոցով մենք ուզում ենք բարձրաձայնել այն հերոսների մասին, որոնք այսօր են խիզախաբար կյանքեր են փրկում ամբողջ աշխարհում»: 100 LIVES նախաձեռնության մասին 100 LIVES համաշխարհային նոր նախաձեռնության հիմքում Հայոց ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են խիզախ մարդկանց եւ հումանիտար հաստատությունների օգնության շնորհիվ։ Մեկ դար անց 100 LIVES նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը: 100 LIVES-ը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ձեռնարկումն է: IDeA հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը՝ ոչ առեւտրային երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու եւ դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով: