Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԵՐԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

Մշակույթ

Հայաստանի մարզերի, Արցախի եւ Ջավախքի երաժշտական դպրոցների 79 աշակերտ կմասնակցի ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 18-ը Երեւանում անցկացվող Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթին: Մրցույթն ավանդաբար անց է կացվում արդեն յոթերորդ անգամ՝ 1986 թ-ից երեք տարին մեկ: Մրցույթի ժյուրիի նախագահ Ռոզա Թանդիլյանի կարծիքով, մրցույթն իր բարդությամբ ոչնչով չի զիջում միջազգային մրցույթների եւ մեծ խթան է հայ պատանիներ համար:

«Մենք կաշխատենք, որ մրցույթը դառնա միջազգային, քանի որ ամեն հաջորդ մրցույթին ավելի բարձր կատարողականություն ցուցաբերող պատանիներ են հայտնվում, եւ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է»,- ասում է Երեւանի պետական կոնսերվատորիյաի դաշնամուրային բաժնի պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանը: Ի դեպ, նա միակ երաժիշտն է, որ հասցրել է մինչեւ վերջ ուսանել Բաբաջանյանի դասարանում:

Մրցույթն այս տարի աչքի է ընկնում մասնակիցների խիստ անհավասարաչափ բաշխված աշխարհագրությամբ: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը Երեւանից է, մարզերից ամենաակտիվը Կոտայքն է: Իսկ որոշ մարզեր, օրինակ՝ Վայոց Ձորից, Արարատից, Արագածոտնից ընդհանրապես մասնակիցներ չկային: Ժյուրիի նախագահն այս փաստը բացատրում նրանով, որ հեռու մարզերից հնարավորություն չունեն հաճախ մայրաքաղաք գալու եւ ընդհանրապես մարզերի եւ Երեւանի երաժիշտների միջեւ կապը սերտ չէ:

Մշակույթի նախարարության պետական ծրագրերի մշակութային համագործակցության կրթության եւ գիտության բաժնի պետ Գառնիկ Գույումջյանն ասում է, որ մրցույթը լավագույն հնարավորությունն է նոր տաղանդավոր երեխաներ հայտնաբերելու եւ նրանց աջակցելու համար: Մրցույթի հաղթողներին հնարավորության է տրվում կրթությունը շարունակել մայրաքաղաքի լավագույն դպրոցներում: Պարոն Գույումջյանը չի ժխտում, որ մրցույթին մարզերը բավական պասիվ են մասնակցում: «Այս մրցույթը նաեւ ցույց է տալիս Երեւանում եւ մարզերում երաժշտական դպրոցներում կատարված աշխատանքը, որը թույլ է տալիս հետագա քաղաքականության առումով ճշտել, թե ինչ պետք է անել»,- նշում է նախարարության աշխատակիցը:

Մրցույթն անց է կացվում Մշակույթի նախարարության, «Հայաստան» երիտասարդական հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության, «Առնո Բաբաջաբյան» հիմնադրամի աջակցությամբ: Իսկ մրցույթի գլխավոր մրցանակը 80 հազար դրամ դրամական պարգեւն է: