Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԼՄ-ները զգույշ պետք է լինեն զոհերի մասին գրելիս. Է. Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon

«18 հայ զինծառայողների մարմինները վերադարձվել են խոշտանգված. հանրային և պետական արձագանք» թեմայով քննարկմանը այսօր Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը նշեց, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեր կողմից միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելը որոշակիորեն խոչընդոտվում է, քանի որ հայկական կողմը չի վավերացրել Հռոմի ստատուտը: Ըստ նրա՝ այս պահին կարող ենք ՄԱԿ-ի միջոցով իրականացնել փաստերի հրապարակումն ու քննարկումը: Բանախոսներից «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Մարաղայի հարցերով, ճիշտ է, մինչեւ վերջ իրենք չկարողացան  հասնել որոշակի հաջողությունների, սակայն կատարված փաստահավաք աշխատանքը եւս շատ կարեւոր էր. «ՄԱԿ-ն ունի բազմաթիվ մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է միջամտել՝ սկսած զեկույցներից, որոնցով կարող են պարտադրել Ադրբեջանին անել այս կամ գործողությունը, վերջացրած  կանխարգելիչ միջոցառումներով: Պատժամիջոցները պետք է լինեն ոչ թե լոկ խոստում, այլ դրանք վրահաս լինեն: Դեռ երբեք ոչ մի պետություն Ադրբեջանի այսպես ցուցադրական ու այդպես ակնհայտ կերպով իրեն չէր հակադրել քաղաքակիրթ աշխարհին: Բոլոր բանաձեւերը, որտեղ ասում են, որ կոպիտ ոտնահարվում են մարդու իրավունքները, պետք է օգտագործվեն»: ԱԺ Մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր կողմից ավելացրեց, որ Ադրբեջանը եւս չի ստորագրել Հռոմի ստատուտը, իսկ մենք ունենք նաեւ այլ հնարավորություններ՝ տրիբունաների ու հանձնաժողովների դիմելու հնարավորություն, ուղղակի պետք է ճշգրիտ ֆիքսենք այդ փաստերը ու գոնե մեկ անգամ հետևողական լինենք ու խնդիրը մինչեւ վերջ տանենք. «Դիերի անարգանքի հետ կապված ուզում եմ ասել, որ մենք պետք է ունենանք փաստացի եզրակացություն՝ եղել է խոշտանգում ու հետո՞ մահ: Սա այլ մոտեցում է ու այս առումով պետք է հասնենք որոշակի արդյունքների: Խորհրդարանական դիվանագիտության վերաբերյալ ասեմ, որ այն ոչ միշտ է հաղթանակներով ուղեկցվում, գոնե ԵԽԽՎ զեկույցը, բանաձեւը եւս մեկ անգամ թույլ տվեցին հասկանալու, որ պետք է զգոն լինենք: Պետք է հիշենք նաեւ, որ Ադրբեջանը եւս նման գործառույթների է պատրաստվելու, եւ մենք պետք է պատրաստ լինենք նրանց հակաքայլերի»: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներով հայկական կողմին հանձնված հայ զինվորների խոշտանգված  մարմինների մանրամասն նկարագրություններին, ապա տիկին Վարդանյանը նշեց, որ դա մարդասիրականն սկզբունքների կոպիտ խախտումներ են. «Ու պատճառաբանությունները, որ պետք է հրապարակայնացվեն այդ վայրագությունները, սխալ են: Շատ զգույշ պետք է լինեն ԶԼՄ-ները, քանի որ այդպիսով  Ժնեւի կոնվենցիաների խախտում է, քանի որ խոսքը վերաբերում է մարդկանց, որոնց ծնողները հետևում են բոլոր հրապարակումներին: ԶԼՄ-ները պետք է խուսափեն արագ, առաջինը նորությունը տարածողի քայլից»: Ինչ վերաբերում է ԱԺ-ում հնչած առաջարկին՝ ստեղծել իրավաբանների խումբ, որը կզբաղվի Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստահավաքությամբ, Էլինար Վարդանյանը նշեց, որ իրեն հրավեր չի եղել ու տեղյակ չէ նման խմբի մասին: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ-ում այդ մասին եղել է միայն առաջարկ եւ երբ մեկնել են ԼՂՀ, ապա այնտեղի խորհրդարանի հետ հանդիպումից հետո որոշել են հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացնել  փաստահավաքությունը: