ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 20-ից մինչեւ հունիսի 15-ը Երեւանում տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» երկրորդ երաժշտական փառատոնը: Ութ համերգներից բաղկացած համերգաշարը նվիրված կլինի Ազգային պատկերասրահի հիմանդրման 85- ամյակին: Այդ առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկա չէր Հայաստանի Ազգային Պատկերասրահի տնօրեն Փարավոր Միրզոյանը. նա արտասահմանում է եւ մասնակցում է գիտաժողովի:
Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը նշեց, որ անցած տարվա փորձը ցույց է տվել, որ հանդիսատեսը շատ ցնծությամբ է ընդունել փառատոնը եւ դրա համար որոշել են ավանդական դարձնել:
Երբ գլխավոր ֆոնդապահը «Ազգային պատկերասարահի» Երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին ներկայացրեց որպես պատվավոր հյուր, վերջինս չհամաձայնվեց. «Գործի մեջ պատվավորը ո՞րն է: Եթե կարող եմ, կօգնեմ»: Ապա ասաց. «Հավատում եմ, որ կյանքը թելադրում է եւ խոստանում, որ փառատոնը պետք է դառնա ավանդական: Բոլորս պետք է դրան նպաստենք: Պետք է ծառայենք ազնվագույն ժողովրդի ավելի ազնվականացմանը»: Իսկ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը նկատեց. «Շնորհավորում եմ: Առիթ է, որ նորից եւ նորից մեր լավագույն երաժիշտները հանդես գան նոր ստեղծագործություններով: Կաշխատեմ օգտակար լինել»:
Փառատոնի օրերին Ազգային պատկերասրահի 350 տեղանոց դահլիճը իր հյուրընկալ դռները կբացի արվեստասերների, երաժշտական կոլեկտիվների, միջազգային համբավ վայելող այնպիսի երաժիշտ կատարողների առջեւ, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանը (Ֆրանսիա), Սերգեյ Բաբայանը(Ռուսաստան), Սվետլանա Նավասարդյանն ու Բարսեղ Թումանյանը (Հայաստան):
Որոշ համերգների դեպքում մուտքը նախատեսվում է հրավիրատոմսերով, մյուս մասի դեպքում` տոմսերով: Ուսանողների համար նախատեսված են զեղչեր: