Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆԱՍՐՏԱՑԱՎՆ ԻՐԱՆՆ Է

Մշակույթ

Հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ ամենասրտացավ վերաբերմունք մեր հարեւաններից ցուցաբերում է Իրանը: Ի տարբերություն մեր մյուս հարեւանների՝ այս պետությունը ոչ միայն պահպանում է հայկական եկեղեցիները, այլ նաեւ անհարաժեշտության դեպքում վերանորոգում:

Մեծ եղեռնի տարելիցի նախօրյակին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը այսօր ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքում կազմակերպել էր ցուցահանդես՝ «Մշակութային եղեռն» խորագրով, որտեղ ներկայացված էին Ադրբեջանի, Թուրքիայի,Վրաստանի եւ Իրանի տարածքում գտնվող մոտ 60 հայկական հուշարձանների լուսանկարները՝ նախկին ու այժմյան տեսքով:Լուսանկարները տրամադրել էր Հայակական ճարտարապետությունը ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակը:

«Այս ցուցահանդեսը ցույց է տալիս մեր հարեւան պետությունների վերաբերմունքը մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ, այստեղից էլ հետեւություն՝ Հայաստանի,մեր ժողովրդի նկատմամբ:Սա նաեւ նպատակ է հայ երիտասարդներին ծանոթացնել այն մշակութային արժեքների հետ, որոնք Հայաստանի տարածքում չեն , բայց մեր քաղաքակրթությանն են պատկանում»,- ասում է «Նիկոլ Աղբալյան» միության անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վահե Սարգսյանը:

Նման ցուցահանդես միությունը կազմակերպել էր նաեւ անցյալ տարի, բայց այն ժամանակ ներկայացվել էին միայն Արեւմտյան Հայաստանում գտնվող հուշարձանները: Կազմակերպիչների համար արտասովոր չէ մահմեդական Թուրքիայում — Ադրբեջանում հայկական մշակութային հուշարձանների` պետական մակարդակով ոչնչացումը, սակայն ցավալի է, որ նույն մոտեցումն է որդեգրել նաեւ քրիստոնյա բարեկամ Վրաստանը:

«Սա բարեկամ պետության վերաբերմունք չէ:Հայ-վրացական բարեկամության առաջին ջատագովը ես եմ, բայց չպետք է աչք փակել այսպիսի վանդալիստական դրսեւորումների վրա:Սա միջպետական թշնամանքի վերածել է, դա մեզ օգուտ չի տա, բայց գոնե գիտնականների, հոգեւորականների միջոցով գոնե որոշ չափով կարելիէ լուծել»,- կարծում է Վահե Սարգսյանը:

Ցուցահանդեսը ԵՊՀ-ում կգործի այսօր եւ վաղը, ծրագրվում է ցուցահանդեսը ներկայացնել նաեւ մյուս բուհերում:Միությունը պատրաստվում է նաեւ բողոք-նամակներ ուղարկել Հայաստանում գործող դեսպանատներին եւ օտարերկրյա այլ ազդեցիկ կառույցներին հայկական հուշարձանների ոչնչացման հարցով: