Պոեզիայի սիրահարների պակաս չունենք. Ութմազյան (տեսանյութ)
Մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն է: 2001 թվականից սկսած՝ Արթուր եւ Հրաչուհի Ութմազյանները հայ հանդիսատեսի դատին են հանձնում պոեզիայի լավագույն նմուշները: Այսօր էլ նրանց ասմունքի երեկոները շարունակվում են: «Ա1+»-ի հետ զրույցում Հրաչուհի Ութմազյանը նշեց, որ հանդիսատեսի պակաս երբեւէ չեն ունեցել. «Մարտի 15-ին Դրամատիկական թատրոնում մեր պոեզիայի հերթական երեկոն ունեինք, եւ մի քանի օր առաջ արդեն տոմսերը սպառվել էին: Ընկերուհիս ցանկանում էր ներկա լինել, բայց նույնիսկ մեկ տոմս անգամ չգտնվեց: Գրեթե միշտ դահլիճը լեփլեցուն է լինում, ինչն ինձ ուրախացնում է: Սա վկայում է այն մասին, որ մեր երիտասարդությունը պոեզիա սիրում է եւ կարդում: Ես տեսնում եմ, որ դահլիճի 50 տոկոսից ավելին երիտասարդներ են՝ տղաների խմբեր, ջահել զույգեր, աղջիկներ: Մեր երիտասարդությունը չի դադարում կարդալ, գուցե այն չափերի չի կարդում, որքան մենք կցանկանայինք... Բայց ես նաեւ նամակներ եմ ստանում, պարբերաբար հարցնում են, թե ինչ վերնագիր ունի այս կամ այն բանաստեղծությունը կամ ով է դրա հեղինակը»,-նշեց Հրաչուհին: Նրա խոսքով՝ Պոեզիայի օրը հատուկ չեն նշում. «Ոչ պոետիկ, սովորական օր է ինձ համար: Դա նույնն է, երբ կանանց տոնն են նշում: Ես շատ վիրավորվում եմ Մարտի 8-ից եւ այս միամսյակից, քանի որ գտնում եմ, որ կնոջ համար պետք է ամեն օրը տոն լինի: Նույնն էլ պոեզիան է: Պարզապես պետք է բացես գիրքը եւ ինքդ քեզ համար կարդաս քո սիրած բանաստեղծությունը»,-եզրափակեց նա: