Նաիրա Զոհրաբյանը հերքեց Հովհաննես Մարգարյանին
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպման ժամանակ առնվազն տասն անգամ ուղիղ հարց է ուղղել՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ ընտրացուցակների հրապարակմանը: «Ես չստացա տպավորություն, որ իրենց եզրակացության մեջ, որը կարծում եմ կհրապարակվի ապրիլի կեսերին, իրենք կողմ են ընտրացուցակների հրապարակմանը»: Նաիրա Զոհրաբյանը բազմիցս Վենետիկի հանձնաժողովականներին բացատրել է, որ հայաստանյան ընտրական մշակույթի պայմաններում ճիշտը ընտրացուցակների հրապարակումն է՝ ոչ մի ազդեցություն: Սակայն այնպես չէ, որ Վենետիկի հանձնաժողովի պատկերացումները մեզ համար օրենք են. «Եթե Հայաստանի կառավարությունը, որը մշակել է նախագիծը, որոշի, որ այդ դրույթը ընդունելի է, Վենետիկի հանձնաժողովը, եթե տասն անգամ էլ գրի, որ ինքը կատեգորիկ դեմ է, իրենք կարող են հրապարակել»: Հիշեցնենք, ուրբաթ օրը «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ ընտրացուցակների հրապարակման հետ կապված այս տարի երկու անգամ խոսել է Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նրանք կողմ են դրանց հրապարակմանը. «Ինքը (անդամներից մեկը-խմբ.) ասեց, որ կողմ է, որ հրապարակվի եւ ասեց մենք դեմ էլ չենք եղել հրապարակման»: Այսինքն, մինչեւ հիմա մեր իշխանությունները ստե՞լ են, երբ ասել են, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է հրապարակմանը. Մարգարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած ես չեմ ճշտել նախկինում իրենց կարծիքը»: