Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզման հարցում քաղաքապետարանը եզրահանգումներ դեռ չի անում (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-kamo-Areyan

«Փլուզման պատճառի վերաբերյալ դեռևս որևէ բան ասել չեմ կարող: Աշխատանքային խումբ է ստեղծված քաղաքապետարանի և վարչական շրջանի մասնագետների կողմից, հիմա բոլոր փաստաթղթերի ուսումնասիրություններ են կատարվում, տեղային զննություն է կատարվում, որից հետո նոր կարող ենք հասկանալ պատճառը»,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ խոսելով այսօր վաղ առավոտյան Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում փլուզված հենապատի մասին: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ շինարարների թերի աշխատանքի կամ շինարարական նյութերը քիչ քանակությամբ օգտագործելու հետևանքով է փլուզումը տեղի ունեցել, Կամո Արեյանը պատասխանեց. «Հիմա մենք այստեղ ձեռնարկել ենք հետևանքների արագ վերացման աշխատանքներ, երթևեկելի հատվածը բացել, ճանապարհը դարձնել անվտանգ, իսկ մնացած եզրակացությունների հետ կապված չեմ կարող հիմա շտապել պատասխան տալ, քանի դեռ վերջնական արդյունքներ չկան, ուսումնասիրությունները կավարտվեն, կհասկանանք պատճառները , հետո նոր կարող ենք ինչ-որ բան ասել: Մասնագիտական եզրակացությունը կլինի և ըստ այդմ կհասկանանք ինչ է կատարվել»: Պատճառները պարզելուց հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու: Հարցին ի պատասխան պարոն Արեյանն ասաց, որ ամենակարևորը պետք է այդ հատվածը կրկին դարձնել անվտանգ և ճանապարհահատվածը այդ միջավայրին հարիր տեսքի բերել: «Սա ուղղակի հենապատ է, շարունակությունը այդ զառիթափ կանաչապատ տարածքն է, այսպիսի թեք կապող կամուրջ է եղել՝ մինչև 50- ամյակի հուշարձանին կապող կամուրջ: Հենապատով դա լցվել, ամրացվել է»,-ասաց նա: Հետաքրքրվեցինք նաև, թե ո՞ր շինկազմակերպությանն է պատկանել այդ հենապատը կառուցելու իրավունքը: Պարոն Արեյանը նշեց. «Երկու տարբեր նախագծեր կան, դրա համար հիմա փաստաթղթերը ուսումնասիրվում են, կանչվել են շինարարները, ովքեր կառուցել են սա, անձամբ ինձ հետ դեռ հանդիպումը չի կայացել, հիմա փաստաթղթերը նայում են, որ քննարկումը տեղափոխենք մեզ մոտ քաղաքապետարան: Հանգամանքները պարզելուց հետո պետք է այստեղ լուրջ կոնստրուկցիոն լուծում տալ, որպեսզի փլուզման վտանգ այլևս չլինի»: Հիշեցնենք նաև, որ այսօր առավոտյան ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է: Մանրամասները՝ տեսանյութում: