«Մեղադրյալի աթոռին կարող էր հայտնվել ոչ Գեւորգ Սաֆարյանը» (տեսանյութ)
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի համար տարօրինակ չէ, որ ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը չի հաստատել եւ ուղարկել է լրացուցիչ քննության: «Դատարանում չէր կարող որպես մեղադրական հաստատվեր, ցուցմունքները ոստիկանների ցուցմունքներն են, որոնք գտնվում են Գեղամ Խաչատրյանի ենթակայության տակ: Չկա մեկ ցուցմունք, որն արժանահավատ լինի»,- ասաց Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա կալանավորված է հունվարի 3-ից։ Ըստ պաշտպանի՝ գործով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չի անցկացվել: «Եթե այդպիսի քննություն կատարվեր, մեղադրյալի աթոռին կհայտնվեր ոչ թե Գեւորգ Սաֆարյանը, այլ Գեղամ Խաչատրյանը, եւ բոլոր այն ոստիկանները, որոնք ոստիկանին վայել չեն պահել իրենց»: Ամանորի գիշերվա միջադեպից հետո Հատուկ քննչական ծառայությունը, կալանավորված Գևորգ Սաֆարյանի եւ եւս հինգ ակտիվիստների բողոքի հիման հարուցել էր քրեական գործ՝ ոստիկանի կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով։ Հետագայում կարճվել էր գործը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ: Դատախազությունը նաեւ վերացրել է այդ գործը կարճելու ՀՔԾ որոշումը: «Ճակատիս վրա վերք կար, եւ շրթունքս էր պատռվել, բայց քանի որ մեր արդարադատության մարմինները 8 օր չէին աշխատում, որ ուղեգիր տային դատաբժշկի, այդ վերքերը լավացել էին»,-ասաց տուժողներից Գագիկ Եղիազարյանը: Հաշվի առնելով մեր իրականությունը՝ Գագիկ Եղիազարյանը չի բացառում, որ տուժողները դառնան մեղադրյալ: Ի դեպ, մարտի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը կլսի Գեւորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու բողոքը: