Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօրվա սերունդը Չարենցի երազած սերունդն է»

Հասարակություն
8-4

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Այդ առիթով նրա հուշարձանի շուրջ էին հավաքվել մտավորականներ, դպրոցականներ եւ պարզապես չարենցասերներ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին բանաստեղծի հիշատակին՝ արտասանելով նրա բանաստեղծությունները, երգելով եւ հիշելով նրա կյանքի կարեւորագույն դրվագները: Միջոցառումը շարունակվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, որտեղ մի խումբ երեխաներ ցուցադրեցին Տերյան մշակութային կենտրոնի կողմից պատրաստված տարազները: «Ա1+» -ի հետ զրույցում Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշեց, որ իրենք ոչ ոքի չեն հրավիրում սովորաբար: «Բնականաբար, հոբելյաններին ավելի մարդաշատ է լինում: Կարծում եմ, հաջորդ տարի՝ Չարենցի 120-ամյակին, ավելի շատ մարդ կգա»,-նշեց նա: Տիկին Հակոբյանն ուրախությամբ փաստում է, որ Չարենցի հիշատակը հարգող աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է. «Չարենցն իր ամբողջ կյանքը նվիրեց այս օրը տեսնելուն, որը, ցավոք, չտեսավ: Բայց նա միստիկայի հասնող լավատեսություն ուներ: Անգամ ամենածանր պահերին՝ մահվանից առաջ, բանտում մի նամակ կնոջը՝ Իզաբելային, որն ամբողջությամբ տոգորված էր լավատեսությամբ: Այսօրվա ընթերցասեր երիտասարդությունը Չարենցի տողատակերում տեսնում է հենց նրա պատգամները՝ այդ լավատեսությունը, միասնության եւ պետականության գաղափարը»: Ըստ Լիլիթ Հակոբյանի՝ այժմյան սերունդը հենց Չարենցի երազած սերունդն է. «Այսօրվա սերունդը ես չեմ կարող համեմատել մեր սերնդի հետ: Հրաշալի սերունդ է՝ պահանջատեր, համարձակ, շատ ինքնավստահ, իր հողի, իր երկրի տերը: Ապագան նրանցն է, եւ ես գիտեմ, որ իրենք հասնելու են իրենց նպատակին ու մի հրաշք Հայրենիք են կերտելու: Հրանտ Մաթեւոսյանն ասում էր, որ Չարենցն ավելի շատ ապագայի բանաստեղծ է, քան այսօրվա: Սրա մեջ մեծ խորհուրդ կա: Այս սերունդը գալիս է հաստատելու, որ Չարենցն անմահ է ոչ միայն իր հանճարեղ ստեղծագործություններով, այլեւ այսօրվա սերնդով, որովհետեւ այսօրվա սերունդը սիրում է, ընկալում եւ մարսում է Չարենցին»,-ասաց տնօրենը: Անդրադառնալով թանգարանի խնդիրներին՝ Լիլիթ Հակոբյանը նշեց, թե տեխնիկայի կարիք ունեն. «Պետք է ժամանակակից տեխնիկայով զինվենք, որի պակասը հիմա մի փոքր զգում ենք, բայց, կարծում եմ, որ ժամանակի հարց է»,-եզրափակեց նա: charenc 1 2 3 4 6 7 9 10 11 12