Լիբանանահայերը շփման կարիք ունեն Հայաստանի հայերի հետ
Լիբանանահայերը շփման կարիք ունեն Հայաստանի հայերի հետ. վստահ է Տերյան մշակութային կենտրոնի մենեջեր Անի Մարգարյանը, որն այս օրերին գտնվում է Լիբանանում:
Նա այնտեղ է հայկական մանրանկարչության եւ տարազների վերաբերյալ դասախոսություններ անցկացնելու նպատակով: «Ա1+»-ի հետ զրույցում Անին կիսվեց իր դասախոսության տպավորություններով.
«Երեկ ունեցա հերթական դասախոսությունը Լիբանանում՝ արդեն երկրորդ անգամ այցելելով Այնճար: Առաջին անգամ ներկայացնում էի հայկական մանրանկարչությունը, այժմ էլ՝ տարազը: Մեծ թվով մարդիկ էին ներկա, ուշադիր լսում էին, շատ ակտիվ հարցեր էին տալիս, առաջարկներ անում: Խոստացան Երեւան գալուն պես՝ անպայման այցելել Տերյան մշակութային կենտրոն: Ներկաներին հատկապես հետաքրքրեցին «Սերնդեսերունդ» նախագծի հին լուսանկարները, դրանցից այն կողմ չէին գնում, զննում էին, հարցեր ուղղում: Մի խոսքով՝ պատիվ ունեմ հայաշատ Այնճարում դասախոսություն կարդալու: Հուսով եմ՝ ապագայում էլի առիթ կլինի այստեղ այցելել»:
Մեր հարցին, թե ինչ խնդիրներ ունեն լիբանանահայերը, ըստ նրա, Անի Մարգարյանը պատասխանեց.
«Առաջին հերթին՝ տեղեկության պակաս: Հնարավորինս հաճախ է պետք նմանատիպ ձեւաչափով դասախոսություն կազմակերպել: Կարիք ունեն շփումների Հայաստանի հայերի հետ, նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության»,-նշեց նա՝ հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել Լիբանանի հայ համայնքի հետ:
Հավելենք, որ դասախոսությունները կշարունակվեն մինչեւ մարտի 16ը:
