ԿԳ նախարարը կհեռացնի՞ Սերժ Սարգսյանին և Գալուստ Սահակյանին
Սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարների թվում էին նաև կրթական համակարգի ներկայացուցիչներ՝ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ։ Արդյո՞ք նորանշանակ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստվում է զբաղվել նրանցով կամ ուսումնասիրել՝ ովքեր էին. «Նրանց մի մասը տարբեր դատական վճիռների արդյունքում տուգանքների է արժանացել, այո, բացի այդ՝ նրանք պետք է նաև նկատողություններ ստանան։ Եթե դուք էլ օգնեք նրանց մասին տեղեկանալու,շնորհակալ կլինեմ» ,- նախարարի օգնության սպասելիքը լրագրողներից էր։ Սակայն պարոն Մկրտչյանը չի կարծում, որ ընդհանրապես պետք է բացառել մանկավարժների մասնակցությունը ընտրական գործընթացներին. «Մենք հատկապես մարզերում ունենք մարդկային ռեսուրսների խնդիր, պոտենցիալը ցավոք սրտի այդքան մեծ չի մեր երկրում»։ Լևոն Մկրտչյանը հայտարարել է կրթական համակարգը ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին, միաժամանակ՝ ՀՀ ԲՈՒՀ-երի խորհուրդները ղեկավարում են պետական բարձրագույն պաշտոնյաներ, Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ի խորհրդի նախագահն է, Գալուստ Սահակյանը՝ ՀՊՄՀ-ինը։ Դաշնակցական նախարարը չի հստակեցնում՝ ինքը կհեռացնի՞ այդ մարդկանց ԲՈՒՀ-ական համակարգից. «Արտասահմանում ընդունված է, որ պետական պաշտոնյաները լինեն համալսարանների կառավարման մարմիններում, օրինակ՝ Անգլիայում թագուհին է։ Դա նաև մեր միջազգային գործընկերների լուրջ պահանջներից մեկն է՝ արմատապես փոխել համալսարանական ինքնավարության և կառավարմանն համակարգը։ Այդտեղ կարելի է դնել լուրջ լծակներ, որոնք ձեր ասած հիմնախնդիրները կլուծեն»։ Նա նաև հերքում է խոսակցությունները բիզնեսներ ունենալու մասին, օրինակ՝ կապը «ԻՆՏԵՐ ԼՈՏՈ» ընկերության հետ, սակայն չի էլ թաքցնում. «Շատերին է հայտնի՝ իմ եղբայրը բիզնեսմեն է և ես կապ չունեմ իր հետ»։ Բուհական ուսխորհուրդների ղեկավարները հիմնականում ղեկավարվում են երիտհանրապետականների կողմից։ Արդյո՞ք իր՝ նախարար լինելուց հետո դաշնակցական երիտասարդներին չեն անցնի այդ «պաշտոնները»։ Ինքը նման մտավախություն չունի։