Որքան գումար է գնում բյուջե պետհամարանիշի վաճառքից
Գործադիրն այսօր հավանություն տվեց «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» նախագծին: Այսուհետ չափորոշիչներին համապատասխանող համարանիշներում ավելացվում է G և X տառերը: Նախագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ առավել պահանջված համարանիշերը, արդեն առկա տառերով, գրեթե սպառվել են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե այս տարի այդ պետհամարանիշների վաճառքից որքան գումար է ստացվել: Փոխոստիկանապետը դժվարացավ հստակ թիվ նշել, բայց ընդգծեց, որ նախորդ տարի բավական մեծ գումար է կազմել, որը գնացել է պետական տուրք: Վարչապետը նկատեց՝ պետական տուրքը ևս ոստիկանությունն է տնօրինում. «Մի հատ հանեք, նայեք` ինչքան փող է եկել բյուջե»,- հանձնարարեց Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: