Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակութային Երեւանը՝ առաջիկա օրերին

Հասարակություն
opera_586117362

Ի՞նչ համերգներ, տոնակատարություններ եւ միջոցառումներ են տեղի ունենալու առաջիկայում Երեւանում։ «Ա1+»-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը: Երկար սպասված սառցե շոուն վերջապես տեղի կունենա այսօր երեկոյան ժամը 19:00-ին՝ Մարզահամերգային համալիրում: Հատուկ այդ նպատակով երեկ Հայաստան են ժամանել  Եվգենի Պլյուշչենկոն, ինչպես նաեւ երգիչ Դիմա Բիլանը, ով շոուի հատուկ հյուրն է: «Սառույցի թագավորները» խորագիրը կրող շոուն կտեւի 2,5 ժամ, որի ընթացքում հանդիսատեսն ականատես կլինի ոչ միայն սառույցի վրա պրոֆեսիոնալների կատարումներին, այլեւ գեղասահորդ-ակրոբատների համարներին: Դասական երաժշտության սիրահարներին հաջորդ շաբաթ  գեղեցիկ համերգ է սպասվում: Մարտի 9-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի «4 Դաշնամուր» խորագրով համերգը: Ծրագրում` Բախ, Ռավել, Պուլենկ: Եվս մեկ դասական համերգ. իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն Հայաստանի Ազգային ֆիլհարոմնիկ նվագախմբի հետ մարտի 11-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Սեն-Սանսի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան: Կանանց տոնին ընդառաջ՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակը մարտի 7-ին ներկայացնում են «Գյուղմթերքի կին հերոս 2016» ազգային մրցանակաբաշխության արարողությունը՝ ի նշանավորումն գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի եւ ձեռքբերումների: Մրցանակաբաշխության արարողությունը բաց է այցելուների համար, որոնք կարող են մասնակցել նաեւ ավանդական խոհանոցի ուտեստների համտեսի: Միջոցառումը տեղի կունենա Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում՝ ժամը 12:30-15:00-ն: Իսկ, ահա, հենց մարտի 8-ին փոփ ժանրի սիրահարները կարող են երեկոյան վայելել համերգ՝ մասնակցությամբ հայկական էստրադայի երգիչ-երգչուհիների: Համերգը նախատեսված է Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19:00-ին: Ռոքի սիրահարները կարող են չտխրել. նրանց համար նույնպես լավ նորություն ունենք: Մարտի 7-ին Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում համերգով հանդես կգա The Beautified Project խումբը: Սկիզբը՝ ժամը 19:30-ին: