«Հավիտենականը գրիչն է, ոչ թե զենքը». Վարդան Գրիգորյան (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ գրող Վարդան Գրիգորյանի «Լուսնթագ» գրքի շնորհանդեսը։ Այն տարբեր ժամանակներում և տարբեր թեմաներով գրված բանաստեղծությունների ժողովածու է։ «Գիրքը կազմվել է տարբեր բաժիններով՝ «Տաղ հայրենյաց», «Տաղ ծնողաց», «Լուռ տաղեր», «Տաղ սիրո», «Տաղ թոռներիս», «Լուռ մորմոք» և այլն։ Այստեղ ներառել եմ նաև 2013թ-ին ձեռնարկած և 2014թ-ին ավարտած իմ պոեմը՝ «Սևադար» խորագրով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, քանի որ ես նաև ժառանգ եմ Մեծ եղեռնը վերապրածների։ Իմ հարազատները վերջին գաղթականներից են եղել, պապիկս եղել է ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից մեկը»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց գրքի հեղինակը։ Վերջինս նաև հավելում է. «Այս ստեղծագործություններում ընդգրկված են իմ խոհերի ու մտածմունքների, ինչպես նաև տաղերի մի մասը, որը ծաղկաքաղ է արվել իմ կողմից՝ տարիների ընթացքում թղթին հանձնելիս։ Դրանք ինձ համար շատ թանկ ու հարազատ են և նախատեսված են ընթերցողների լայն շրջանակի համար։ Դրանով ես ցանկացել եմ, որ ընթերցողը հասկանա և դաստիարակվի հայրենասիրական ոգով, երբևէ չմոռանա իր ծնողներին ու հայրենիքը»։ Վարդան Գրիգորյանը մասնակցել է նաև Արցախյան ազատամարտին։ Նա շեշտում է, որ պատերազմի տարիներին տեղի ունեցածը ևս մեծ ազդեցություն է թողել իր բանաստեղծությունների վրա։ «Հայրենիքի սերը պետք է քո մեջ լինի, որպեսզի չթողնես որ թշնամին մեկ միլիմետր անգամ քո հողը տրորի, դրա համար դու կյանքդ էլ կտաս, բայց միևնույնն է զենքը հավիտենական չէ, հավիտենականը գրիչն է, ինչն էլ այդ ամենը հանձնում է թղթին»,-ասաց նա։ Գիրքը տպագրվել է 500 օրինակով։ Պարոն Գրիգորյանի հավաստմամբ՝ հիմնականում այն նախատեսված է հարազատներին ու ընկերներին նվիրելու համար։ «Գիրք վաճառելը նշանակում է վաճառես միտքդ, վաճառես խիղճդ, ուղեղդ, իսկ անուղեղ ու անմիտ մարդիկ տեղ չունեն մեր հասարակության մեջ»,-եզրափակեց պարոն Գրիգորյանը։