Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի 12 անօթեւան ընտանիքի բնակարանի հարցը լուծվել է

Կարևոր լուրեր Հասարակություն
gyumri

Գյումրիի 13 անօթեւան ընտանիքներից 12-ի բնակարանի հարցը լուծված է. «Ա1+»-ի հետ զրույցում «SOS Գյումրի» թիմի անդամ Արեն Մկրտչյանն ասաց, որ փաստացի արդեն 5 բնակարան կա գնված, 3-ի գումարը գոյացել է Երեւանում եւ Գյումրիում իրականացված դրամահավաքի արդյունքում, իսկ եւս 4 բնակարանի համար խոստում է տրվել: Բացի այս, թիմը մոտ 22 հազար ֆունտ ստեռլինգ (15 միլիոն դրամ) գումար է հավաքել բրիտանական Crowdfunder կայքում, որը, սակայն կարող է կորել. «18 օր է մնացել մինչեւ սահմանված՝ 120 հազար ֆունտ ստեռլինգ գումարը հավաքելու վերջնաժամկետը: Եթե այդ ընթացքում մնացած գումարը չհավաքվի, ապա այդ 22 հազար ֆունտ ստեռլինգը հետ կվերադարձվի նվիրատվություն կատարած անձանց»,-ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ իրենք կկապվեն այդ օգտատերերի հետ՝ խնդրելով իրենց նվիրատվությունը փոխանցել «SOS Գյումրիի» հաշվեհամարներին: Թիմի աշխատանքներն այսքանով չեն ավարտվի: Մարտի 19-ին Սարգիս Հովսեփյան պատկերասրահում տեղի կունենա բարեգործական աճուրդ, որտեղ վաճառքի կհանվեն սպորտային 10-ից ավելի բացառիկ իրեր՝ «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ, Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների մարզակոշիկները, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը, «Բարսելոնա»-ի դրոշը՝ Լիոնել Մեսսիի, Չավիի, Ինյեստայի, Տիերի Անրիի ու թիմի 10 աստղերի ստորագրությամբ։ Առաջիկայում սպասվում է, որ «Բարսելոնա»-ն տեսաուղերձ կհրապարակի՝ Գյումրիի անօթեւաններին օգնելու կոչով: «SOS Գյումրի» թիմի անդամները մտահոգված են, սակայն, որ աճուրդին կարող են քիչ մարդիկ ներկայանալ: Այդ իսկ պատճառով կոչ են անում հայտնի կազմակերպություններին, ովքեր նման աճուրդների իրականացման փորձ ունեն, աջակցել իրենց եւ հրավիրել մարդկանց մասնակցելու: Ի դեպ, աշխարհահռչակ հայերը եւս միացել են Գյումրիի անօթեւաններին օգնելու գործին: Շառլ Ազնավուրը եւ Սերժ Թանկյանն իրենց երկրպագուներին կոչ են արել միանալ դրամահավաքին: Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի