Մահացության մեծ մասը սիրտ-անոթային խնդիրներից է (տեսանյութ)
Սիրտ-անոթային և հիպերտոնիկ հիվանդություններով տառապող անձինք գարնանը ունենում են որոշակի սրացումներ: Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը նման մարդկանց խորհուրդ է տալիս եղանակային փոփոխություններից առաջ դիմել իրենց բուժող կամ պոլիկլինիկայի բժիշկին: «Սեզոնային այս փոփոխությունների շեմին պետք է դիմել բժիշկի, որպեսզի կատարվեն համապատասխան շտկումներ իրենց բուժման մեջ կամ անհրաժեշտության դեպքում մեկ անգամ ևս ստուգման ենթարկվեն: Ինչ վերաբերում է հիպերտոնիկ հիվանդներին,ապա երբեմն հարկ է լինում ավելացնել հակահիպերտենզիվ, այսինքն՝ հակաճնշումային դոզաները և կանխել հնարավոր սրացումները: Ինքնաբուժությամբ զբաղվել կամ որոշակի այլ ինքնուրույն գործունեություն իրենց բուժման հետ կապված ՝ ես խորհուրդ չեմ տա»,-շեշտեց սրտաբանը: «Ա1+»-ի այն հարցին, թե նման դեպքերում ինչ բացասական հետևանքների կարող է դա հանգեցնել, պարոն Հայրապետյանն ի պատասխան նշեց. «Բնակչության ընդհանուր մահացության կեսը ՝ մոտ 48 %-ը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով: Սա բացատրվում է նաև նրանով, որ մեզանում ցածր է առողջապահական մշակույթը, հետևողական չենք մեր առողջության նկատմամբ և հետևողական չենք նաև նշանակված բուժման հարցում: Իսկ այդ չբուժված հիվանդությունները հանգեցնում են սուր սրտային կամ սիրտ-անոթային խանգարումների , առաջին հերթին դա սրտամկանի կաթվածն և ինսուլտը ՝ ուղեղի կաթվածը, որոնք մահացության մեջ կազմում են առյուծի բաժինը: Իսկ եթե ժամանակին չենք դիմում բժիշկի, ապա , բնականաբար, կարող ենք ունենալ նաև հանկարծամահություն»: Մեր հաջորդ հարցին, թե այսօր քանի մարդ է տառապում նման հիվանդություններով, Համլետ Հայրապետյանը պատասխանեց. «Բոլոր հիպերտոնիկ հիվանդները չեն, որ ախտորոշվում են, մեծ մասը հիվանդների թաքնված հիպերտոնիկներ են , որոնք չեն հետազոտվում և նրանց մոտ ախտորոշում չի իրականացվում: Այսինքն մենք չունենք իրական, լիարժեք թվեր այդ մարդկանց հետ կապված, որոնք ախտորոշված են և գտնվում են հսկողության տակ, բայց մոտավորապես մինչև 500 հազար մարդ տառապում է հիպերտոնիկ հիվանդությամբ»: Նրա խոսքերով՝ սիրտ-անոթային հիվանդություններով էլ տառապում է բնակչության մեկ երրորդ մասը: Հիվանդության նախանշաններից սրտաբանն առաջին հերթին շեշտեց ցավը կրծքավանդակի հատվածում, սուր ծակոցները, հիշողության մթագնումը, հևոցը և ծանր շնչառությունը: Բժշկի խոսքերով ՝ բոլոր սիրտ-անոթային հիվանդությունները չունեն բուժման միատեսակ ձև, յուրաքանչյուր հիվանդին անհատական բուժում պետք է ցուցաբերվի: