800 մ ճանապարհը 8 կիլոմետր է դարձել (տեսանյութ)
Սեփական հողատարածքները մշակելու համար Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներն ստիպված են 8 կիլոմետր ճանապարհ անցնել։ Ընդամենը 800 մետր հեռավորության վրա գտնվող հողատարածքների ու գյուղի մեջտեղով ձգվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ խոչընդոտելով գյուղացիների տեղաշարժը։ «Մեր հողերը մնացել է այն կողմ, 380 հեկտար հող է մնացել, մոտավորապես 180 հեկտար էլ արոտավայր է մնացել, պետք է դրանց ճանապարհ տա, որ արդեն գարուն ա մարդիկ իրանց հողը մշակեն, և իրենց անասունները տանեն դաշտ արածացնեն-բերեն»,- ասում է գյուղացիներից մեկը։ Մարմարաշենի համայնքապետ Էդիկ Հակոբյանը նշում է. «Պահանջը արդարացի է, գյուղացին ուզում է գնալ իր հողը մշակելու՝ տեխնիկա տանի, մեքենա անցկացնի, անասունը շուտով դուրս է գալու արոտի»։ Գյուղացիները որոշել էին դիմել ծայրահեղ քայլի՝ փակել մայրուղին։ Բայց հրաժարվեցին իրենց մտադրությունից՝ հավատալով գյուղապետի խոսքին, թե Հյուսիս-հարավ ավտոմայրուղին կառուցող ընկերության ներկայացուցիչները խոստացել են խնդիրը լուծել։ «ԾԻԳ-ը ընդառաջել է մեզ, հիմա այնեղ արագության սահմանափակման նշաններ են դրվելու,շրջանցում է բացվելու, որ մեր գյուղացիները տեխնիկա տանեն, իրենք գնան հողը մշակելու»,- ասում է Մարմարաշենի համայնքապետը։ Սա, սակայն, մարմարաշենցիներին մտահոգող միակ խնդիրը չէ։ Հինգ տարի է արդեն իրենք զրկված են հողերը ոռոգելու հնարավորությունից։ Նրանք պնդում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի կողմից հեռացվել են ոռոգման խողովակները՝ իրենց բիզնեսի համար։ «Հովիկ Աբրահամյանի նպատակն է՝ այստեղից մինչև կամուրջը գնեն, որովհետև իրանց ջրհորներն են»,- նշում է գյուղացիներից մեկը։ Գյուղացիները հավաստիացնում են՝ մեկ շաբաթվա ընթացքում իրենց՝ ազատ տեղաշարժի խնդիրը չկարգավորելու դեպքում ստիպված կլինեն ճանապարհն արդեն փակել։