Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էկոլոգիապես մաքուր նյութ՝ կարտոֆիլի մնացորդներից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
TSD2

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կենսաբանների թիմը ներկայացնում է նորարարական գաղափար՝ փորձելով ստանալ էկոլոգիապես մաքուր նյութ կարտոֆիլի մնացորդներից: Նյութի օգնությամբ հետագայում կստանան արտադրության համար պիտանի ապրանքներ, ինչպես օրինակ՝ տոպրակներ, խաղալիքներ։ «Անհրաժեշտ է ստանալ այնպիսի նյութ, որը կունենա նախ եւ առաջ մեծ կիրառելիություն, եւ երկրորդը՝ կկարողանանք այնպես ձեւավորել, որ լինի շրջակա միջավայրին չվնասող»,-ասում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կենսաբանական ծրագրերի համակարգող Աննա Գեւորգյանը։ Նյութի վրա աշխատում են արդեն մոտ երեք ամիս։ Դեռ իրականացվում են հետազոտական աշխատանքներ։ ԹիԷսԴի ընկերության հիմնադիր տնօրենի կարծիքով՝ իրենց առաջարկը մի քանի խնդիր կլուծի. «Օգնել մեր տնտեսությանը, եւ ամենակարեւորը՝ ստեղծել աշխատատեղեր մեր երիտասարդ մասնագետների համար, որպեսզի չթողնեն ու գնան մեր հայրենիքից»։ Ծրագրի շարունակությունը ֆինանսական մեծ ներդրումների հետ է կապված։ Այն պետք է լուծվի միջազգային կազմակերպությունների, մասնավոր ներդրումների շնորհիվ։ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը դեմ է պետական աջակցությանը. «Եթե մեր սփյուռքի ներկայացուցիչը եկել է Հայաստան, ուրեմն ինքը պիտի հոգա իր ամբողջ հոգսերը։ Մեր այստեղ գալու նպատակը օգնելն է, ոչ թե գալ ու կառավարությանն ասել՝ ինձ փող տվեք, որովհետեւ ես խելացի եմ, ես գիտեմ՝ ինչ անեմ»։ Ֆինանսական աջակցություն գտնելուց հետո միայն՝ կարող են մտածել շուկա դուրս գալու մասին։ Իսկ մինչ այդ ՝ համապատասխան աշխատանքները կշարունակվեն։