Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցրտահարության հավանականությունը 80-90 տոկոս է» (տեսանյութ)

Հասարակություն
12499086_979825442054853_1797893875_o

Գյուղատնտեսությունը բիզնես է բաց երկնքի տակ, ամեն ինչ որոշում է բնությունը: «Այս տարի ցրտահարության հավանականությունը 80-90 տոկոս է: Այսպես չպետք է տաքանար: Արդեն ծաղկել է օրինակ վաղահաս կեռասը, ծիրանն էլ որոշ տեղերում: Լավ բան չենք սպասում»,-մտահոգություն է հայտնում Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Սակայն այս տարի նա կայուն բերք է կանխատեսում. «Ճիշտ է, անցած տարվա նման ծիրան ու խաղող չենք ունենա, բայց շատ քիչ էլ չի լինի, եթե իհարկե ցրտահարություն չլինի»: Այս տարի խնդիրներ չեն լինի ոռոգման ջրի հետ կապված՝ վստահ է Հրաչ Բերբերյանը: Ձյան հաստ շերտը կօգնի խուսափել նաեւ երաշտից: Հրաչ Բերբերյանը այս տարի նկատել է նաեւ խլուրդների ակտիվացում, ինչը ըստ նրա՝ ՏԻՄ-ի թերացումն է. «Երեւի պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը, նրանք թերանում են թույնը հասցնել ֆերմերներին, կամ գուցե այն հետ է գնում պահե՞ստ, գիտենք էլի ինչ են անում»: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս տարի 1000 տոննա կարտոֆիլի սերմ է ներկրվելու Հայաստան, որի շնորհիվ բարձր որակի կարտոֆիլ կունենանք. «Մեր հարեւան պետությունները չեն կարող այդպիսին աճեցնել: Պետք է օգտվենք այդ հնարավորություններից եւ Ռուսաստանի շուկայի գոնե մի մասը գրավենք»: Անցած տարի առատ բերք կար, բայց գյուղացին դրանից չշահեց: Որոշ գյուղացիներ մինչեւ հիմա չեն ստացել մթերված խաղողի գումարը. «Դա գյուղացու հետ կապված չէ, շատերն ասում են Ռուսաստանն է մեղավոր, իբրեւ գինին ու կոնյակը այնտեղ չվաճառվեց: Բայց մեղքը մերն է , մեր գնագոյացումը չի հասկացվում ոնց է լինում: Գերշահույթի խնդիր է եղել, ու չեն կարողացել վաճառել: Տուժել է գյուղացին»: