Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Մոգերինիին
Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, որտեղ ողջունում է նրա այցը Հայաստան՝ Եվրոպայի քաղաքակրթության և արժեհամակարգի ակունքներից մեկը: Այդ արժեքների պահպանության ընթացքում Հայաստանը բազմիցս զավթվել է և մասնատվել, ենթարկվել ցեղասպանության և զրկվել սեփականության իրավունքից: Դժբախտաբար, այն մարդը, որի հետ Դուք պետք է հանդիպում ունենաք այսօր և որը ներկայացնում է վարչակարգը, օրինական կերպով չի ներկայացնում հայ ժողովրդին, ժողովրդի իրավունքները, շահերը և տեսակետները: Կարիք չկա մանրամասնելու, որ Ձեր զրուցակիցը և նրա վարչակազմը շարունակում են բռնությամբ տիրել քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ քաղաքական և տնտեսական մենաշնորհների, մարդու իրավունքների խախտումների, ընտրությունների և հանրաքվեների կեղծման միջոցով: Հարկավ, այս միջադեպերից ամենաողբերգականը տեղի ունեցավ ութ տարի առաջ այս օրը, երբ կեղծ նախագահական ընտրություններից հետո իշխող ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի հետ միասին, որն այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, հրամայեց և իրականացրեց ամենաքիչը տասը քաղաքացիների սպանությունը, վիրավորվեցին հիսուն և ազատազրկվեցին հարյուրավոր քաղաքացիներ: Այդ օրվա կազմակերպիչներից և իրականացնողներից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, և այդ արյան միջից ծավալվեց պետական քաղաքականությունը՝ ծածկելու համար այս հանցագործությունը և ամրապնդելու համար միակուսակցական կառավարումը: Հանցավոր ու կոռումպացված ռեժիմը երբեք չի խոստովանի կամ չի պատժի ինքն իր կողմից գործած բռնությունները, հետևաբար պետք չէ ունենալ որևէ օրինական սպասելիք: Եվ քանի որ Եվրոպական հանրության արժեքների ներկայացուցչությունը ժողովրդավարություն և քաղաքացիական և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող հաստատություն է, Ձեր միջոցով մենք խնդրում ենք և պահանջում 1) հիմնվելով մարտի 1-ի փաստահավաք խմբի բացահայտած ապացույցների կրկնական փորձաքննության վրա և միջազգային մասնագետների հսկողությամբ բացահայտել Մարտի 1-ի հանցագործության կազմակերպիչներին և իրականացնողներին, նրանց դեմ կիրառել միջազգային պատժամիջոցներ, 2) ապահովել, որ համապատասխան դե ֆակտո իշխանությունները անմիջապես ազատ արձակեն քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանին, ինչպես պահանջում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, այլ մարդու իրավունքների պաշտպանների և կազմակերպությունների պահանջով վերանայել և ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, որոնք ազատազրկվել են իրենց քաղաքական հայացքների համար: 3) պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, որոնք կազմակերպել և իրականացրել են զանգվածային ընտրախախտումներ՝ ներառյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում: