Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայ փախստականների հարցը՝ Ժնևում

Պաշտոնական
agn-1

Փետրվարի 29-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռադոկին: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Ռադոկը անդրադարձան միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի։ Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը, կարևորվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Ավստրալիայի հայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Փետրվարի 29-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ հանձնակատար Ալ Հուսեյնը բարձր գնահատեց Հայաստանի նախաձեռնողական, հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ` ընդգծելով, որ այսօր միջազգային հանրությունն առավել վճռական է տրամադրված մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այս առումով նախարար Նալբանդյանն շեշտեց. «որպես 20-դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավորված ենք զգում քայլեր ձեռնարկել մարդկության դեմ նոր հանցագործությունները բացառելու գործում միջազգային հանրության ջանքերի միավորման ուղղությամբ»։ Հանդիպմանը քննարկվեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետևանքով մարդու իրավունքներին, փոքրամասնություններին առնչվող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով նշվեց, որ Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ 20 000 փախստականների։ Զրուզակիցներն անդրադարձան Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել։ Զրուցակցի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ ԱԳՆ