Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեթադոնային բուժումը թմրամոլին չի փրկում պատժից (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-narkomanner

2015թ-ի հունվարի 1 դրությամբ Հայաստանում կա 5357 հաշվառված թմրամոլ, որոնք մեծամասամբ երևանաբնակ են: «Թմրամիջոց օգտագործող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության առանձնահատկությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ փորձագետները նշեցին, որ Հայաստանում բուժման ամենաարդյունավետ միջոցը մեթադոնային փոխարինող բուժումն է: Սակայն, նույնիսկ բուժում ստացած մարդկանց նկատմամբ հասարակության, ինչպես նաև պետական –իրավական մարմիններում ակնհայտ է խիստ ընդգծված բացասական, խտրական վերաբերմունք: Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մեթադոնային բուժում ստացող անձանց նկատմամբ չի տարածվում վաղաժամկետ պայմանական ազատման մասին օրենքի դրույթը: «Դա շատ հաճախ պայմանավորված է լինում այդ կանխակալ, անհավասար վերաբերմունքով նրանց նկատմամբ: Այդ մարդիկ պատասխանատվության են ենթարկվում կամ քրեական օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով, սակայն մեր օրենսդրությամբ հստակ կարգավորված չէ թմրանյութ ունենալու, պահելու կամ այն օգտագործելու համար նախատեսված պատժիչ մեխանիզմների չափանիշները: Մեծ նշանակություն ունի նաև այդ կարծրատիպ կամ նախապաշարմունք ասվածը: Եթե տվյալ անձը ունի թմրանյութից կախվածություն, նշանակում է, որ իրեն կարելի է դիտել որպես պոտենցիալ հանցագործ: Այդ դեպքում այդ մարդիկ ենթարկվում են կրկնակի խտրականության: Փակ կամ կիսափակ հաստատություններում նման մարդկանց իրավունքների ոտնահարումն ավելի ցայտուն է արտահայտվում այն տեսակետից, որ հաճախ դա օգտագործվում է որպես տեղեկատվություն ստանալու, ցուցմունք կորզելու միջոց: Փակ կամ կիսափակ հաստատությունում նրանց մոտ սկսվում է այդ հոգեկան բարդ վիճակը, ինչն էլ օգտագործվում է այլ նպատակներով»,- ընդգծում է Դավիթ Ամիրյանը և հավելում . «Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր գտնվում են քրեակատարողական հիմնարկներում՝ պատիժը կրելու ժամանակ և ներգրավված են մեթադոնային փոխարինման բուժման ծրագրում, ապա նրանց չեն ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատման, քանի որ նրանց համարում են ռիսկային խումբ»: