ԵՊՀ 7-րդ մասնաշենքում նոր հարկ են ավելացնում (տեսանյութ)
ԵՊՀ-ի 7-րդ մասնաշենքում 6-րդ հարկաբաժին են ավելացնում, որտեղ գործելու է IBM նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը։
Նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, ծրագրերն իրականացվում եւ համակարգվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ինչպես նաեւ IBM ընկերության ու վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի կողմից։
ԵՊՀ-ի ուսանողների, շրջանավարտների ու հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ-ն շինարարության համար չի ֆինանսավորում, ինչպես նաև կահավորման եւ սարքավորումների, բայց չի բացառում, որ կլինեն ծրագրեր, որ, գուցե, ԵՊՀ-ն ֆինանսավորի։
Ռուբեն Մարկոսյանը չի ցանկանում տարբերակել՝տարածքը համալսարանինն է, թե ոչ. «Այնտեղի անձնակազմը համալսարանի միջոցներից չի վարձատրվի, որոշակի ծրագրեր մեր բյուջեից չեն ֆինանսավորվի, այլ դրա համար նախատեսված ծրագրային բյուջեներ կլինեն, բայց ես այդ կենտրոնը դիտում եմ որպես համալսարանի օրգանական մասը, դա համալսարանական կենտրոն է եւ դա մեր ԵՊՀ-ի կարելի է ասել տարածքն է լինելու, որը չի վաճառվել, պարզապես տրամադրվել է տարածք, որտեղ կկառուցվի մեկ նոր լրացուցիչ հարկ։
Կլինի հանդիպումների դահլիճ, այսինքն՝ ամբողջ ռեսուրսը համալսարանական ռեսուրս է, եւ դա գիտակրթական գործունեության համար է նախատեսված։ Կլինի բաց տարածք, որտեղ կարող են ուսանողական թիմերը հետաքրքիր գաղափարի շուրջ աշխատել, բացի դրանից՝ IBM-ը որոշակի կրթական գործընթացների վերաբերյալ ունի նորարարական լուծումներ, եւ այդ լուծումներից օգտվելու են մեր դասախոսները։ Այսինքն՝ դասախոսներն օգտագործելով IBM-ի ընձեռած որոշակի գործիքները՝ կարող են իրենց առարկաները, իրենց մշակած դասախոսությունները տեղափոխել վիրտուալ տիրույթ ու ուսանողներին առաջարկել ուսանող-դասախոս շփման որոշակի վիրտուալ տարածք»։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին IBM ընկերության առաջարկը ոգեւորել է. «Ի՞նչ եք կարծում, IBM-ը առաջարկում է մեզ ծառայություն, մենք ասենք՝ չէ՞»։
Մեր այն հարցին, թե ովքեր կարող են օգտվել այդ կենտրոնից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանն ասաց. «Տեխնոլոգիական ոլորտին առնչվող ցանկացած մարդ. ե՛ւ ԵՊՀ-ի ուսանողական կազմը, ե՛ւ այլ բուհերի, ե՛ւ մասնավոր հատվածից, կարող են մասնակցել։ Լինելու է բաց հարթակ բոլոր հնարավոր շահառուների համար»։
«Ա1+»-ի հարցին, թե արդյոք մատուցվող ծառայությունները անվճա՞ր կլինեն, Ժենյա Ազիզյանը պատասխանեց, որ կլինեն ե՛ւ անվճար, ե՛ւ վճարովի ծառայություններ, որոնք ունեն միջազգայնորեն ստանդարտ գներ. «Դա հմտությունների կատարելագործմանը, հետազոտական աշխատանքների եւ տարբեր տեխնոլոգիական զարգացումներն ապահովող կենտրոն է, որը բարեգործական չի, բայց կունենա նաեւ որոշակի անվճար արտադրանք»։
IBM-ի հարկաբաժինն ավելացնելով՝ 7-րդ մասնաշենքը կունենա նաեւ վերելակ, որից կարող են օգտվել հենաշարժողական խնդիրներ ունեցող ուսանողները։ Իսկ թե ինչպես են վերելակից օգտվելու՝ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ասաց, որ դա տեխնիկական մանրուք է, որոնք ժամանակի ընթացքում պարզ կլինի, գուցե անվտանգության աշխատակիցը բանալի ունենա եւ երբ տեսնի, որ ուսանողը կարիք ունի, օգնի նրան։
Նպատակահարմար չի գտնում, որպեսզի մնացած ուսանողները եւս օգտվեն վերելակից. «Օգտակար կլինի մեկ-երկու հարկ ոտքով բարձրանալ։ Պետք է տարբերակել այն անձանց, ովքեր իսկապես ունեն դժվարություններ հենաշարժողական խնդիրների առումով եւ նրանց, ովքեր պարզապես ուզում են արագ բարձրանալ»։
Ռուբեն Մարկոսյանը վստահեցրեց, որ այս մասնաշենքում նախատեսվում է նաեւ թեքահարթակի կառուցում։
Ի դեպ, վերանորոգման աշխատանքները դասընթացների ժամանակ են տեղի ունենում։ Ուսանողներից շատերը սոցցանցերում իրենց դժգոհությունն են արտահայտում եւ տեսանյութեր ներբեռնում, որտեղ նկատելի է, թե ինչպես են աղմուկին զուգահեռ դասերն անցկացնում, դասախոսներն էլ որքան հնարավոր է բարձր են խոսում։ Սակայն պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը զարմանում է՝ասելով, որ ուսանողները իրեն նման հարցով չեն դիմել, եւ որ խնդիրն այնքան էլ սուր չէ. Աղմուկը շատ չէ եւ տանելի պայմաններ են։
Հարցին, թե արդյոք աշխատանքների պատճառով մնացած հարկերին վնաս չի՞ հասցվել, պրոռեկտորը պատասխանեց, որ վնասներ կան, սակայն այնքան մեծածավալ աշխատանք է իրականացվելու, որ եթե ճաքեր առաջանան, հետագայում դրանք հեշտ շտկելի կլինեն։