Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները «Երևան Մոլ»-ի մոտ տեղ են պահանջում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
diana-taxi

Այսօր Արշակունյաց պողոտայում մի խումբ անհատ տաքսու վարորդներ պիկետ էին կազմակերպել: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն ու ՃՈ-ն նրանց թույլ չի տալիս «Երևան մոլ»-ի տարածքում կայանել մեքենաները, ինչը նախկինում վարորդների պնդմամբ՝ թույլատրելի տարածք էր համարվում: «Մենք իրավասու մարմիններից պահանջում ենք, որ մեզ համար օրինական տեղ հատկացնեն, որ մենք չփակենք մեքենաների պետհամարանիշերը ու չտուգանվենք ՃՈ-ի կողմից: Այսօր առավոտյան քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու ՃՈ-ի աշխատակիցներից մեկի հետ ենք հանդիպել: Հենրիկ Նավասարդյանն ասեց, որ եթե «Երևան մոլ»-ը մի հատ գրություն տա , որ համաձայն է, որ տրանսպորտային միջոցների կանգառի ու տաքսիների կանգառի համար նախատեսված տեղերը տեղափոխության ենթարկվեն, ապա իրենք չեն առարկի: Մենք առաջարկել ենք նույնիսկ, որ մեր սեփական ծախսերով տեղափոխենք այդ նշանների տեղերը, բայց «Երևան մոլ»-ը հրաժարվում է այդ գրությունը տալ՝ պատճառաբանելով, որ եթե ներքևում կանգնի օրինակ մեկ տրոլեյբուս և երկու ավտոբուս , ապա իրենց կայանման մուտքը կփակվի ու դա կդառնա կատաստրոֆա»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմեցին վարորդները: Վերջիններիս պնդմամբ՝ նախկինում այդտեղ տրանսպորտային միջոցների համար կանգառ չի եղել, «Երևան մոլ»-ի հաճախորդների համար են այդտեղ կանգառ դրել: «Թող կանգառը տեղափոխեն կամ 100 մետր վերև, ինչպես նախկինում էր կամ էլ թող կանգառը մնա, բայց ներքևի մասը, որտեղ մենք հասարակական տրանսպորտի տեղաշարժին չենք խանգարում, մեզ համար տեղ հատկացնեն, մենք այդտեղ աշխատենք: «Դալմա մոլ»-ի մոտ, որ այդքան նեղ փողոց է, տաքսիների համար տեղ են տվել, իսկ այստեղ, որ երեք գիծ ունեցող ճանապարհ է, մեզ տեղ չեն տալիս, պարզապես չեն ուզում, որ աշխատենք: Գոնե 4 մեքենայի տեղ հատկացնեն, 4 մեքենայով հերթով կանգնենք, աշխատենք, այդպես խցանում էլ չի առաջանա, բայց դա էլ չեն ուզում անել»: Վարորդների տեղեկացմամբ՝ արդեն մեկ տարի է, որ նման խնդրի առջև են կանգնած: Շեշտում են, որ նախկինում խնդիր չեն ունեցել ոչ «Երևան մոլ»-ի ղեկավարության հետ, ոչ էլ ՃՈ-ն է իրենց աշխատանքին խոչընդոտել, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Վարորդների խոսքերով՝ այդպես են անում, որպեսզի աշխատեն միայն «Անի» տաքսի ծառայության վարորդները, որոնց հետ «Երևան մոլ»-ը պայմանագիր ունի կնքած ու թույլատրում է կայանել հատուկ նախատեսված տարածքում: «Իսկ մենք ամբողջ օրը   ոչ մի ուղևոր չենք ունենում»,-ասում են նրանք: Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հենրիկ Նավասարդյանն այդ հարցով որևէ մեկի հետ չի հանդիպել և որևէ համաձայնության չի եկել: «Քաղաքում տաքսիների անվճար կայանման համար կան նախատեսված տարբեր տեղեր, որոնցից մեկն էլ այդ հատվածն է: Եթե այդ տաքսիների քանակն այդքան շատ է, ապա, ներողություն, այդ մասով որևէ բան չենք կարող անել, դիմեք ճանապարհային ոստիկանություն, ոչ թե քաղաքապետարան, քանի որ նշանների տեղադրման կամ փոփոխությունների հետ կապված կանոնակարգումը նրանց իրավասության շրջանակներում է»,-ընդգծեց Արթուր Գևորգյանը: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն էլ   նշեց հետևյալը. «Այդտեղ շատ լուրջ խնդիր կար՝ անընդհատ խցանումներ էր լինում հատկապես օրվա որոշակի ժամերին՝ 2-րդ, 3-րդ շարք տաքսու վարորդների կանգառ կատարելու հետևանքով: Այնուհետ երթևեկության կազմակերպման փոփոխություն կատարվեց այդ վայրում, տեսախցիկ տեղադրվեց, որը մեծ չափով լուծեց այդ խնդիրը: Այն ժամանակ այդտեղով երթևեկել հնարավոր չէր, ամբողջ օրը բողոք էինք ստանում, բնակիչներն էին նույնիսկ բողոքում: Մենք գնացել ուսումնասիրել ենք , այնտեղ խայտառակ իրավիճակ էր այն ժամանակ՝ 2-րդ, 3-րդ շարք կանգնում էին տաքսիստները ու ամբողջ ճանապարհը փակում, իսկ այսօր որոշ չափով կարգավորվել է: Ուրեմն չի կարելի կանգնել այդտեղ, ուրեմն երթևեկությունը խոչընդոտվում է, որ արգելել ենք, հո ինքնանպատակ չի, որ որտեղ ուզենք թողենք կանգնեն, որտեղ չուզենք՝ չթողենք: Այնտեղ լուրջ հետազոտություններ են կատարվել, եթե պետք լինի էլի կանենք, իսկ եթե մարդիկ կան, ովքեր ողջամիտ առաջարկություններ ունեն, թող գան, մենք դա միասին կքննարկենք և հնարավոր է նաև, որ բավարարենք այդ առաջարկությունները»,-եզրափակեց պարոն Խաչատրյանը: