Հայաստանյան Mars-Snickers-ներն անվտանգ են. ՍԱՊԾ
Հայաստանը չի մտնում այն 55 երկրների մեջ, որոնցից օրերս Mars և այլ կոնֆետների խմբաքանակները հետ են կանչվել՝ դրանցում առկա պլաստմասե կտորների պատճառով: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը: Նա նշեց, որ տվյալ ապրանքանիշի կոնֆետները Հայաստան են ներկրվում Ռուսաստանից. «Համաձայն «Ռոսպոտրեբնադզոր»-ի հայտարարության՝ Ռուսաստանը, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ հանդիսացող մյուս երկրներն ընդգրկված չեն այդ 55 երկրների ցանկում»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, սակայն, որ հանձնարարել են սահմանային հսկողութուն իրականացնել այդ մասով: Նշենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ գրված է, որ Mars, Snickers եւ Milky Way ապրանքանիշի կոնֆետները, որոնց մեջ հայտնաբերվել են պլաստմասե կտորները, չեն ներմուծվել ԵՏՄ երկրներ: Հավելենք, որ խնդրահարույց խմբաքանակի կոնֆետների պիտանելիության ժամկետը 2016 թվականի հունիսի 19-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 8-ն է: